ՌԴ 102 բազա՛, ձեր գազաններին պահեք վանդակներում. Մենք դրանց համար պատասխանատու չենք: Այսօր՝ հունվարի 12-ին, նման կոչ պարունակող փոքրիկ թռուցիկներով բողոքի ակցիա է տեղի ունեցել Գյումրիում, որի նպատակն էր հիշեցնել 4 տարի առաջ բազայի զինծառայողներից մեկի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության, ինչպես նաեւ 2018 թվականի դեկտեմբերին նույն բազայի զինծառայողի կողմից Գյումրիում իրականացված մեկ այլ սպանության մասին։

Ակցիայի մասնակիցներն այդ թռուցիկները ամրացրին ռազմաբազայի տարածքի մոտ տեղադրված ցանկապատերին։ Ընդ որում թռուցիկների վրա գրառումը հայերեն եւ ռուսերեն է:

Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը տեղեկացրել է, որ մյուս թռուցիկի վրա էլ պահանջներ են Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանություններին՝ դեկտեմբերին Գյումրիում սպանության համար մեղադրվող զինծառայողին հանձնել Հայաստանին, նաեւ ռազմաբազայի տարածքը հայկական կողմից հատուկ պահպանության տակ առնել: