Մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի եւ արժանապատվության պաշտպանություն, քանի որ նախ՝ նա մեզ մեղադրում է ստոր մեթոդներով գործելու մեջ: Այս մասին, Facebook-ի իր էջում նշել է 23 տարի առաջ դաժան կերպով սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովը, անդրադառնալով այդ սպանության համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի այսօրվա ասուլիսին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի ընկերներ, հայրենակիցներ,

Ես պարզապես ապշած եմ բոլոր այն մեկնաբանություններից, որոնք այսօր կատարել է իր մամուլի ասուլիսի ժամանակ Պետական վերահսկողության ծառայության լրատվական ստորաբաժանման ղեկավար Զարուհի Մեջլումյանը։ Հաշվի առնելով վերոնշյալ անձի կողմից արված հայտարարությունները հայտնում եմ՝

1. մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի եւ արժանապատվության պաշտպանություն, քանի որ նախ՝ նա մեզ մեղադրում է ստոր մեթոդներով գործելու մեջ, ինչպես նաեւ չնայած օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությանը խոսում է մարդասպանի անմեղ լինելու մասին՝ վիրավորելով զոհի՝ եղբորս հիշատակը։

2. առնվազն զարմանք է առաջացնում Զարուհի Մեջլումյանի պնդումները Մհեր Ենոքյանի անմեղության մասին առանց որեւէ հիմնավոր փաստ բերելու կամ ապացույց ներկայացնելու։ Եվ անհասկանալի է, եթե նա անմեղ է, այդ դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ նախագահը ինչը պետք է ներեն՝ իր անմեղությո՞ւնը։ Միայն որովհետեւ իրենք ամուսիններով այդպես են կարծում»:

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են տարածվում, որ շուտով ազատ կարձակվի ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը։ Տեղեկություն կա, որ  ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին, եւ օրերս նրան ներում կշնորհվի։

ՀՀ արդարադատության նախարարությունից NEWS.am–ին հայտնել են, որ ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որեւէ դատապարտյալի որեւէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, հրապարակման ենթակա չեն:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին: