Մեկնարկել է հերթական ձմեռային զորակոչը. Ճանապարհ դնելով իրենց պարտքն արդեն մատուցած զինվորներին` փոխարինելու են գալիս նոր Հայաստանի հերթական սերունդը, որը թերեւս ծանոթ չլինելով բանակային կյանքին, ունեն ազգին եւ Հայրենիքին ծառայելու ընդգծված պատրատակամություն:

Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի աշխատակազմի լրատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը NEWS.am-ին ներկայացրեց, թե ինչ է սպասվում նորակոչիկին զորամասում իր առաջին օրը:

Նրա խոսքով, զորամաս ժամանելուն պես նրանց դիմավորում են անձնակազմի հետ աշխատելու հարուստ փորձ, մանկավարժական եւ  զինվորական ունակություններին քաջատեղյակ, բարյացակամ, կենսախինդ եւ արտաքինից վստահություն ներշնչող սպաներ եւ սերժանտներ, ովքեր նորակոչիկներից  յուրաքանչյուրին ցուցաբերում են անհատական վերաբերմունք:

Ողջունելով եւ բարի գալուստ մաղթելով նրանց`հնարավորություն են տալիս վերջիններիս հեռախոսակապ հաստատել ծնողների հետ եւ տեղեկացնել զորամաս այցելելու եւ իրենց կարգավիճակի մասին` ծնողների անհանգստությունը փարատելու նպատակով:

Այնուհետեւ ծանոթացնում են զորամասի առօրյային, օրվա կարգացուցակին, կենցաղային պայմաններին, սննդի ընդունման կարգին եւ այլն: Բացի այդ կազմակերպվում է էքսկուրսիա զորամասի տարածքում եւ հարեւանությամբ առկա հուշակոթողների եւ հուշահամալիրների շրջանում, որի ընթացքում պատմում են զորամասի կազմավորման, նրա անցած մարտական ուղղու, արձանագրված ձեռքբերումների եւ հաջողությունների վերաբերյալ:

Անցկացված ծանոթական զրույցների ընթացքում հրամանատարական կազմը տեղեկություններ է ձեռք բերում նորակոչիկների ընտանեկան, սոցիալական պայմանների բնավորության, վարքի, կրոնական ուղղվածության, հոգեկան վիճակի եւ հետագա ծառայությոան պատրաստականության վերաբերյալ: Իրականացվում է բուժզննման միջոցառումներ, որի ընթացքում մանրամասն զննվում է նորակոչիկ եւ խնդիրներ ի հայտ գալու դեպքում անմիջապես ցուցաբերվում է բուժօգնություն:

Նորակոչիկներին պատրաստված սպաները եւ սերժանտական անձնակազմը անձամբ են սովորեցնում համազգեստի հարմարեցման, ենթաօձիքը կարելու, կոշիկներն ու հագուստը խնամելու, անկաղոնի հարդարելու եւ այլ ծառայողական առանձնահատկությունների կարգին: Նրանց սովորեցնում են նաեւ շարային քայլել, սովորել ֆունկցիոնալ պարտականությունները, տիրապետել հրաձգային զենքին, գիտենալ զինվորական կոչումները, պաշտոնները եւ այլն:

Այս ամենից բացի առավել հաճելի եւ հուզիչ է լինում այն պահը, երբ նորակոչիկ զինծառայողին սպայակազմից բացի դիմավորում է նաեւ զորամասում արդեն իսկ ծառայող հարազատ եղբայրը, որը իր ուրույն դրական ազդեցությունն է թողնում նորակոչիկի կայացման գործում: