Հունվարի 2-ի երեկոյան Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանի շենքերից մեկում տոնական ուրախությունը վեճ ու կռվի էր վերածվել: Շենքի բնակիչները դիտողություն էին արել 2-րդ հարկի հարեւաններին ու նրանց հյուրերին՝ աղմկելու համար, նրանք էլ դիտողությունից սրտնեղել էին:

Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Բ-2 թաղամասի շենքերից մեկում իրար են սպանում, խնդրում էին ոստիկաններ ու շտապօգնության մեքենա ուղարկել:

Պարզվել է, որ տուժողները կանայք են. շտապօգնության բրիգադը նրանցից մեկին տեղում օգնություն է ցուցաբերել, իսկ մյուսին տեղափոխել հիվանդանոց:

Շքամուտքում բութ գործիքով բնակչուհիներից մեկի գլխին էին հարվածել, դանակով վնասել մյուսի ձեռքը:

Ոստիկանները շենքի բակում երկու երիտասարդի են տեսել, որոնցից մեկի ձեռքին դանակ է եղել: Իրավապահները հետապնդել ու բռնել են նրանց: Նրանցից մեկը հիշյալ շենքում վարձակալական հիմունքներով է բնակվում եւ ըստ նախնական տվյալների, հենց նա էլ հարեւանուհուն գլխի վնասվածք է պատճառել: իսկ դանակով հարվածողը նրա ընկերն է եղել: