Մեքսիկայի եւ ամերիկյան Արիզոնա նահանգի սահմանին հայտնաբերել են տասը մետրանոց թունել, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով The Hill պարբերականին:

Մեքսիկայի իշխանությունները համարում են, որ թունելը կիրառվել է երկրների միջեւ թմրամիջոցներ եւ մարդկանց փոխադրելու նպատակով: Ինչպես նշում է պարբերականը, դա արդեն երրորդ սողանցքն է, որը հայտնաբերվել է վերջին ամսվա ընթացքում: Նշվում է, որ դա տեղի է ունենում ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին պատի կառուցման մասին խոսակցությունների վերականգնման հետեւանքով:

2018 թվականի օգոստոսին թմրանյութերի իրացմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող թունել են հայտնաբերել ամերիկյան Սան Լուիս (Արիզոնա նահանգ) քաղաքում, որը եւս Մեքսիկայի սահմանին մոտ է: Թունելը սկիզբ էր առնում չգործող KFC ռեստորանի խոհանոցից:

Հունվարին նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Մեքսիկայի սահմանին պատի լուսանկար: Մինչ այդ նա հայտարարել էր, որ պատը կկառուցվի պողպատից, այլ ոչ բետոնից, ինչպես ի սկզբանե նախատեսվում էր: Ըստ նրա՝ դեմոկրատները չեն ցանկանում տեսնել բետոնե պատ, այդ պատճառով ծրագրվում է տեղադրել գեղարվեստորեն նախագծված կոնստրուկցիա, որի միջոցով տեսանելի կլինի, թե ինչ է կատարվում հակառակ կողմում:

ԱՄՆ-ի Կոնգրեսում պատի կառուցման համար միջոցների տրամադրման վերաբերյալ տարաձայնությունների պատճառով կառավարության աշխատանքը դադարեցված է. «շաթդաունը» սկսվել է դեկտեմբերի 22-ին: