Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացրել է  ժողովրդավարության մեջ «վստահության կատաստրոֆիկ եւ անուղղելի կորստի մասին», եթե խորհրդարանի անդամները չընդունեն նրա գործարքը բրեքսիթի հարցում եւ Մեծ Բրիտանիան մնա ԵՄ-ի կազմում, հաղորդում է  Press Association-ը:

Ներկայացուցիչների պալատում բրեքսիթի հարցով քվեարկությանը մնացել է երկու օր, եւ վարչապետը կոչ է արել խորհրդարանականներին «անել այն, ինչը ճիշտ է երկրի համար» եւ աջակցել ԵՄ-ից դուրս գալու նրա ծրագրին:

Նա շեշտել է, որ առանց գործարքի կնքման ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում երկիրը վտանգվում է, եւ եթե խորհրդարանականները չեն ցանկանում բախվել անորոշության հետ գործարքի բացակայության դեպքում, ապա հավանական է, որ Մեծ Բրիտանիան ընդհանրապես դուրս չի գա ԵՄ-ի կազմից:

Նրա խոսքերով՝ առաջիկա քվեարկությունը իր սերնդի խորհրդարանականների կարեւորագույն որոշումներից մեկն է, եւ քաղաքական գործիչների համար ժամանակն է, որ ծառայեն ժողովրդին: