17-ամյա ամերիկուհին ավտովթարի է ենթարկվել #BirdBoxChallenge նոր ֆլեշմոբի պատճառով, որի մասնակիցները փորձում են սովորական բաներն անել աչքերը կապած, ինչպես «Թռչնի արկղ» ֆիլմում, գրում է Esquire-ը՝ հղում կատարելով KUTV-ին:

Կինն ընթանում էր 56 կմ/ժամ արագությամբ՝ գլխարկը մինչեւ աչքերն իջած, որի արդյունքում նա բախվել էր մեկ ուրիշ ավտոմեքենայի եւ մխրճվել  լապտերասյան ու պատի մեջ: Նրա հետ մեքենայում 16-ամյա դեռահաս էր: Ըստ ոստիկանության տվյալների՝ ավտովթարում ոչ ոք չէր տուժել:

«Թռչնի արկղ» սարսափ ֆիլմը Netflix-ը թողարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին: Ըստ սյուժեի՝ մարդկությունը սարսափելիորեն վտանգված է անտեսանելի հրեշի պատճառով: Հրեշին նայելու դեպքում մարդը կխելագարվի եւ ինքնասպան կլինի: Այդ պատճառով ֆիլմի հերոսներն աչքերին կրում են ժապավեն եւ բոլոր գործողություններն անում են կուրորեն:

Ֆիլմի թողարկումից անմիջապես հետո ի հայտ եկան բազմաթիվ մեմեր, ինչպես նաեւ #BirdBoxChallenge ֆլեշմոբը: Netflix-ի ղեկավարությունը նույնիսկ ստիպված եղավ նախազգուշացնել, որ «Թռչնի արկղ» ֆիլմի հերոսներին կրկնօրինակելով՝ կապած աչքերով որեւէ բան անելը վտանգավոր է: «Մենք չենք ցանկանում, որ դուք հայտնվեք հիվանդանոցում մեմերի պատճառով»,-հայտարարել է Netflix-ը: