Ամերիկյան The Financial Times թերթը հաղորդել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփն անդադար հիշատակվում է Համաշխարհային բանկի նոր կառավարչի նշանակման համատեքստում:

Կազմակերպության ներկայիս ղեկավար Ջիմ Յոն Քիմը մի քանի օր առաջ հայտարարել է, որ հրաժարական է տալիս մինչ իր լիազորությունների ժամկետի ավարտը՝ 2022 թվականը: Հրաժարականի պատճառները նա չի պարզաբանել:

Չնայած Իվանկա Թրամփի նշանակումն ընդամենը խոսակցություն է՝ նրա հոր բազմաթիվ քաղաքական մրցակիցներ արդեն հայտնել են իրենց վերաբերմունքը այդ մասին, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով մի շարք ԶԼՄ-ներին:

Կալիֆորնիայից դեմոկրատ կոնգրեսական Թեդ Լեուն թվիթերյան իր էջում այսպես է հայտնել իր զարմանքը. «Բոլոր ամերիկացիներից, որոնք կկարողանային գլխավորել Համաշխարհային բանկը, այդ պաշտոնին առավելապես համապատասխանում է Իվանկա Թրամփը, որը զրկվել է հագուստի իր ապրանքանիշից եւ նախագահի դուստրն է: Հասկանում եմ»:

Միլիոնատեր Թոմ Սթեյերը, որը ֆինանսավորում է Թրամփին իմպիչմենտ հայտարարելու արշավը, իր հերթին նշել է, որ դա իր լսած ամենածիծաղաշարժ առաջարկներից մեկն է:

«Բարեկամներին խթանելը կոռուպցիայի ձեւերից մեկն է: Ես չեմ զարմանում, բայց աբսուրդի աստիճանը շոկային է»,-The Guardian-ը մեջբերում է նրա խոսքերը:

Ինչպես բրիտանական թերթը հիշեցնում է, ԱՄՆ-ի նախագահը հնարավորություն ունի թեկնածուներ առաջադրել Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում, եւ նա հաճախակի դիտարկում է Իվանկային եւ նրա ամուսին Ջարեդ Քուշներին որպես թեկնածուներ տարբեր պաշտոններում: Օրինակ՝ հաղորդվում էր, որ Իվանկան կարող էր դառնալ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի  մշտական ներկայացուցիչ, 2017 թվականին նա զբաղեցնում էր հոր տեղը Համբուրգում G20 գագաթնաժողովի որոշ միջոցառումների ժամանակ: ԶԼՄ-ները նշում էին, որ նա փաստորեն կատարում էր պետքարտուղարի դերը Ռեքս Թիլերսոնի հրաժարականից հետո:

Այնուամենայնիվ, Համաշխարհային բանկի ղեկավարի նշանակման հարցը կորոշվի տնօրենների խորհրդի միջոցով, որը կքվեարկի առաջադրված թեկածուների օգտին: Սակայն, ըստ ավանդույթի, ընտրվում են հենց ԱՄՆ-ի նախագահի առաջարկած թեկնածուները: 2012 թվականին Ջիմ Յոն Քիմին առաջադրել էր Բարաք Օբաման: Կազմակերպությունը դեռեւս չի ղեկավարվել կնոջ կողմից: