ԱՄՆ Cold Spring Harbor լաբորատորիան ԴՆԹ-ն առաջինը հայտնաբերած, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Ուոթսոնին պատվավոր կոչումներից զրկել է տարբեր ռասաների մտավոր անհավասար ունակությունների մասին արտահայտությունների պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

90-ամյա գիտնականը համապատասխան մեկնաբանությունները կատարել է PBS հեռուստաընկերության վավերագրական ֆիլմում, որը եթեր է հեռարձակվել հունվարի 2-ին:

«Դոկտոր Ուոթսոնի արտահայտությունները դատապարտելի են, գիտությամբ չեն հաստատվում եւ ոչ մի կերպ չեն արտացոլում լաբորատորիայի, նրա հոգաբարձուների, դասախոսների, աշխատակիցների ու ուսանողների տեսակետը»,- նշված է լաբորատորիայի հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն՝ հետազոտողին զրկել են պատվավոր հոգաբարձուի, Օլիվեր Գրեյսի անվան վաստակավոր պրոֆեսորի եւ վաստակավոր ղեկավարի կոչումներից:

Լաբորատորիան 2007 թվականին գիտնականին ազատել էր վարչական բոլոր պարտականությունների կատարումից: Պատճառը Sunday Times պարբերականին տված հարցազրույցն էր, որում Ուոթսոնը կասկածել էր «Աֆրիկայի հեռանկարներին»: Նա այդ ժամանակ հայտարարել էր, որ «մեր ամբողջ սոցիալական քաղաքականությունը կառուցվում է այն հիմքի վրա, որ նրանց մտավոր ունակությունները համապատասխանում են մերին, բայց բոլոր թեստերը ցույց են տալիս, որ դա այդպես չէ»:

Ջեյմս Ուոթսոնը համարվում է ժամանակակից կենսաբանության եւ գենետիկայի հիմնադիրը: 1953 թվականին նա Ֆրենսիս Կրիկի եւ Մորիս Ուիլքինսի հետ հայտնաբերել էր ԴՆԹ մոլեկուլների կառուցվածքը: 1962 թվականին նրանք ֆիզիլոգիայի եւ բժշկության Նոբելյան մրցանակի էին արժանացել: