Ռոստովի մարզի Շախտի քաղաքում գտնվող բազմաբնակարան շենքում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով շենքի երկու հարկերը փլվել են: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ մարզային վարչությունից:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Խաբարով փողոցի թիվ 16 տան վերջին՝ 9-րդ հարկում: Պայթյունի արդյունքում, ըստ նախնական տվյալների, 6 մարդ վիրավորվել է, կա մեկ զոհի մասին տեղեկատվություն:

8-րդ եւ 9-րդ հարկերի միջեւ ընկած հատվածները փլուզվել են, քանդվել է չորս բնակարան: Բարձրահարկ շենքի 140 բնակիչներ տարհանվել են: Փլատակների տակ գտել են մի կնոջ՝ երկու տարեկան երեխայի հետ։ Նրանց հաջողվել է փրկել:

Պայթյունի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցում են 116 մարդ եւ 35 միավոր տեխնիկա: Արտակարգ պատահարի հանգամանքները քննվում են, հաղորդում է RG- ն: