Ստացել եմ առաջարկությունը Ազգային ժողովից եւ դրա հիման վրա ուրախությամբ կստորագրեմ Ձեզ Հանրապետության վարչապետ նշանակելու հրամանագիրը: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, իր նստավայրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Պարոն վարչապետ, կրկին առիթ ունեմ Ձեզ շնորհավորելու՝ որպես շարժման եւ կուսակցության ղեկավար, խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար: Ուզում եմ շնորհավորել նաեւ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով:

Մեր խորհրդարանը շատ մեծ անելիքներ ունի եւ, այս փուլում այդ անելիքները շատ հստակ են: Խորհրդարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի թավշյա հեղափոխության գաղափարները, հույսերը, սպասելիքներն այսօր, վաղը, մյուս օրը իրականություն դառնան:

Շնորհավորում եմ, պարո՛ն վարչապետ: Լավագույն մաղթանքները, հաջողություն՝ ի փառս մեր Հայրենիքի եւ ողջ հայ ժողովրդի»,-ասել է նա:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոն նախագահ, շատ շնորհակալ եմ: Դուք հստակ ձեւակերպեցիք այն շրջանակը, որում մենք գործում ենք եւ պիտի գործենք: Ես ուզում եմ ընդգծել, որ հիմնական քաղաքական փոփոխությունը, որ Հայաստանի Հանրապետությունում ակնկալվում էր, արդեն իսկ տեղի է ունեցել՝ իշխանությունը լիարժեք վերադարձված է ժողովրդին, եւ Հայաստանում հաստատված է ժողովրդավարություն:

Այլ խնդիր է, որ այդ ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալ երաշխիքներով ամրապնդվի, որպեսզի ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը երաշխավորվեն ոչ թե քաղաքական իրավիճակով, ոչ թե անձերով պայմանավորված, այլ ժողովրդավարական, պետական, քաղաքական ինստիտուտների կայացմամբ:

Տնտեսական կյանքում նույնպես կարեւոր փոփոխություններ են տեղի ունեցել: Ըստ էության, Հայաստանում մենաշնորհային տնտեսական համակարգն այլեւս գոյություն չունի առնվազն քաղաքական կամքի եւ իրողությունների մակարդակով, բայց այդտեղ էլ մենք ինստիտուցիոնալ երաշխիքների կարիք ունենք: Եվ ես շատ կարեւոր եմ համարում արձանագրելը, որ այն փոփոխությունները, որոնք մենք ակնկալում ենք, չեն կարող տեղի ունենալ առանց քաղաքացիների այնպիսի մասնակցության, ինչպիսի մասնակցությամբ ապահովվել են մինչեւ այժմ եղած քաղաքական փոփոխությունները:

Ինչպես Հայաստանում քաղաքական, ոչ բռնի թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիների եւ սփյուռքի միլիոնավոր մեր հայրենակիցների մասնակցությամբ, եւ նրանք իրենց բաժին պատասխանատվությունն ստանձնեցին, տնտեսական հեղափոխությունը նույնպիսի բանաձեւով եմ պատկերացնում՝ իհարկե, պայմանով, որ կառավարությունը պետք է ստանձնի ժողովրդի առաջ իր ունեցած բոլոր պարտավորությունները եւ այդ պարտավորությունները կատարի:

Այստեղ շատ կարեւորում եմ մեր պետական ինստիտուտների համագործակցությունը: Ըստ էության, մենք գործ ունենք նոր իրավիճակի հետ, եւ շատ կարեւորում եմ նախագահի, վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի համագործակցությունը: Պետք է արձանագրել, որ անցած 8 ամիսների ընթացքում որոշակի պրակտիկա կուտակել ենք, բայց, այնուամենայնիվ, սա նոր իրավիճակ է, նոր ինստիտուցիոնալ հարաբերություններ են, եւ մենք պետք է կարողանանք այստեղ նույնպես այնպիսի ավանդույթներ ստեղծել, որոնք կերաշխավորեն իշխանությունների հստակ տարանջատումը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ, իհարկե, փոխզսպումների եւ հակակշիռների համակարգ:

Ես ուզում եմ ասել, որ մենք՝ ես ինքս, մեր քաղաքական ուժը նվիրված է այդ տեսլականին եւ այդ գաղափարին: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը մեզ համար կարգախոսներ չեն, այլ արժեքների համակարգ, որոնցով մենք առաջնորդվում ենք: Այդ ամենը պետք է անել այնպես, որ պետության կառավարելիութան մակարդակը չնվազի, մյուս կողմից՝ ավելանա կառավարման արդյունավետության, հաշվետվողականության, թափանցիկության մակարդակը: Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իշխանություն ձեւավորելու իրենց իրավունքն այլեւս երբեք ոչ ոք իրենց ձեռքից ոչ միայն չի առնի, այլեւ նույնիսկ փորձ չի անի, նույնիսկ եթե այդպիսի փորձ անի, միանշանակ կձախողվի:

Շնորհակալ եմ Ձեր բարի մաղթանքների համար: Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի մեծամասնությանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Համոզված եմ՝ մենք միասին, բոլորով նվիրված ենք մեր երկրի, ժողովրդի ազատ եւ երջանիկ ապագայի կառուցմանը:

Շնորհակալ եմ»: