Մենք բոլորս այստեղ ենք մի նպատակով՝ որպեսզի այս երկիրը դարձնենք աշխարհի լավագույն երկրներից մեկը, որպեսզի մեր քաղաքացիներն իսկապես հպարտ լինեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, իր նստավայրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա նաեւ նշել է.

«Ոչ միայն հպարտ լինեն զուտ զգացական իմաստով, այլ ըստ էության, այսինքն՝ հպարտ լինեն, որովհետեւ ապրելու են այն երկրում, որտեղ օրենքն ու օրինականությունը գերակայում են, որտեղ երկիրը կառավարվում է օրենքներով եւ Սահմանադրությամբ, ոչ թե ինչ-որ մեկի քմահաճությամբ: Երկիր, որտեղ իրենց բոլոր իրավունքները ոչ միայն հարգված են, այլեւ պաշտպանված: Մեր բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն ապրելու բարգավաճ երկրում, որտեղ նրանցից յուրաքանչյուրը, վստահ լինելով իր այսօրվա համար, վստահ է լինելու իրենց երեխաների ու թոռների ապագայի համար:

Ես ի սրտե Ձեզ հաջողություն եմ մաղթում, հաջողություն եմ մաղթում կառավարությանը, ինչպես նաեւ Ազգային ժողովին, որովհետեւ նրանք շատ մեծ անելիք ունեն:

Երբ ժամանակին խոսում էինք չորրորդ հանրապետության մասին, այն ինչ-որ իմաստով սիմվոլիկ բառախաղ էր թվում: Բայց ըստ էության նաեւ իմաստ ունի այն, որ ոչ միայն քաղաքական նոր իրավիճակ է, այլեւ կառուցվածքային իմաստով: Եվ ինչպես Դուք նշեցիք, շատ հստակ նորից պետք է ձեւակերպվեն իշխանության տարբեր մարմինների պարտականությունները, նրանց իրավունքները: Շատ էական է, որ իշխանության բոլոր ճյուղերը՝ սկսած նախագահականից, կառավարությունը, Ազգային ժողովը եւ, ինչու ոչ, նաեւ չորրորդ իշխանությունը, կարողանան համագործակցել, ներդաշնակ լինել մի նպատակի համար, որը մեր երկիրն է:

Այնպես որ, կրկին շնորհավորում եմ Ձեզ, հաջողություն մաղթում: Ձեր հաջողությունը մեր երկրի հաջողությունն է, մեր ժողովրդի, մեր բոլորի, նաեւ իմ հաջողությունն է»: