Մհեր Ենոքյանը հանրության համար չափազանց վտանգավոր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հրապարակախոս եւ գրող Նարեկ Մալյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, կառավարության շենքի առջեւ ակցիա է ընթանում ընդդեմ Մհեր Ենոքյանի ազատման: Ենոքյանը մեղավոր է ճանաչվել 1996 թվականին Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության մեջ:

Նարեկ Մալյանը նշեց, որ գործի, ինչպես եւ իր՝ Ենոքյանի հետ առաջին անգամ չի բախվում, ըստ որում՝ մի քանի տարի առաջ Ենոքյանը կնոջ հետ Մալյանին դատի տալու հնարը գտել էր: «Ենոքյանը կնոջ հետ արտասահմանյան միջոցներով սուտ է տիրաժավորել, հասարակությանը ներշնչել իրենց վարկածը: Շատ ուշագրավ է, որ հենց բժիշկներն են սկսել հասարակության առողջացման գործընթացը»,- նշեց Մալյանը: Նա հայտնեց, որ Ենոքյանն ազատ օգտվում է «Ֆեյսբուքից», իսկ նրա կինը՝ Զարուհի Մեժլումյանը (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013-ին), որը Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի մամուլի ծառայության ղեկավարն է, ամբողջությամբ հանցագործի ազդեցության տակ է: «Շատ վտանգավոր իրավիճակ է, որի դեպքում մարդասպանը կառավարությունում սեփական պաշտպան ունի»,- նշեց Մալյանը՝ հավելելով, որ փաստերը ցույց են տալիս, որ Ենոքյանը վայելում է Սանասարյանի անմիջական համակրանքը:

Այնուհետեւ Մալյանը շարունակեց, որ անցած տարիներին Ենոքյանը բազմիցս փորձել է լրագրողների հետ կապ հաստատել, մասնավորապես «Ազատություն» ռադիոկայանի հետ է հաջողել կապվել, փորձել է լրագրողներին մանիպուլյացիայի ենթարկել, որպես խայծ օգտագործել է տարբեր սենսացիոն տարբերակները: «Կինն, ավելի շուտ, զոհ է, նա մեծ գին է վճարում հանցագործի հերոսականացման համար: Բայց դա նրա ընտրությունն է»,- նշեց Նարեկ Մալյանը: Նրա խոսքով՝ այսօր հայտնի է դարձել, որ նա դիմումով ոսիկանություն է դիմել, որ Մալյանն իբր ամուսնուն ինքնասպանության է հասցնում:

«Առողջ հանրությունը պետք է տուժածի կողմում լինի, այլ ոչ թե հանցագործի»,- հիշեցրեց Մալյանը՝ խոստանալով «Ֆեսբուք»-ի իր էջում այսօր նոր հոլովակ հրապարակել: «Ենոքյանը չի զղջում տեղի ունեցածի համար: Անցած տարիներին նա ավելի հեռուն է գնացել, եւ հանցագործությունից հաճույք է ստանում»,- շեշտեց Նարեկ Մալյանը: