ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում իր խափանման միջոցի գործով քննությանը, քանի որ բուն միջնորդությունն այսօր հավանական է  չքննվի։ Այս մասին այսօր՝  հունվարի 14- ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ «Մի շարք ինքնաբացարկների հիմքեր ունենք, որոնք պետք է քննվեն, այսինքն այսօր հավանականությունը մեծ է, եր բուն միջնորդության քննությանը չենք անդրադառնա»,-ասաց նա։

Նշենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմի և ՀՔԾ–ի կողմից  Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը։

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: