ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին։ Այս մասին դատարանում լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը։

«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի եւ իմ, կամ իր ընտանիքի եւ իմ միջեւ առկա որոշակի կապը, այդ թվում նաեւ նախագահող դատավորի որդու հետ ես Կապանում բավականին երկար ընկերական շփում եմ ունեցել, որոշ ժամանակ համադասարանցիներ, ընկերներ ենք եղել, շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, միասին դաշնամուրի ենք գնացել։ Միաժամանակ նախագահող դատավորը շատ ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ, որի ընտանիքի հետ նույնպես ունենք շատ մոտիկ ընկերական հարաբերություններ, բացի դրանից նախագահող ընտանիքի ծխխնմամիները էլի մեր հարազատներն են եւ սրա հետ կլապված կա անաչառության որոշակի էլեմենտ։ Կասկածի տակ չդնելով օբյեկտիվ անկախության էլեմենտը՝ այդ թվում հաշվի առնելով, որ գրավի հարցը պետք է քննի դատարանը եւ բացասական հետեւանքներ են առաջանում , եթե գրավը կիրառվեր, կալանքը չերկարացվեր, քննարկամն առիթ էր դառնալու եւ Հատուկ քննչական ծառայությունը եւս մեկ անգամ կասեր, որ դա ապօրինի որոշում էր, դրա համար ներկայացվել է այդ աստերը եւ խնդրում ենք դատարանին հայտնել ինքնաբացարկ»,- ասաց Օրբելյանը՝ նշելով, որ նախորդ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը ավելի հեռավոր կապերի պատճառով էր։

Նշենք, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքանաբացարկի միջնորդությունը քննելու։

Նշենք որ դատավոր Նելլի Բաղդասարյանի կողմից՝ հունվարի 10-ին, դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո, կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին ինքնաբացարկ է հայտնել պատճառաբանելով, որ հերթապահ չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել: Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների խոսքով՝ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի որոշումից  անցել է ավելի քան չորս ամիս եւ այդ ընթացքում որեւէ կերպ գործին խոչընդոտելու գործողություն նրա կողմից չի կատարվել։

Երկրորդ նախագահի պաշտպանները համարում են, որ որեւէ հիմք չկա Ռոբերտ Քոչարյանին այս պահին կալանքի տակ պահելու համար:

Բացի այդ ներկայացված միջնորդության հիմքում դրվել է նաեւ այն, որ ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանի ազատությունն սահմանափակվել է ապօրինի եւ գրավի կիրառումն այս պահին միակ միջոցն է որով ազգային դատարանը կարող է նվազագույնի հասցնել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը:

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: