Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը, որի վրա նախօրեին բարեգործական համերգի ժամանակ դանակով հարձակվել էին, մահացել է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հունվարի 13-ին՝ երեկոյան, Ադամովիչի դեմ մահափորձ էր կատարվել:

Հարձակումը տեղի է ունեցել «Տոնական օգնության մեծ նվագախումբ» բարեգործական կազմակերպության համերգի ժամանակ: Ադամովիչը կանգնած է եղել բեմի անկյունում, երբ նրան մոտեցել է մի մարդ եւ  մի քանի անգամ դանակահարել: Երկար ժամանակ հենց բեմում քաղաքապետին բժշկական օգնություն են ցույց տվել, որից հետո տեղափոխել Գդանսկի բժշկական համալսարանի կլինիկական կենտրոն:

Հանցագործը քաղաքապետի դեմ հարձակումը «Քաղաքացիական հարթակ» կուսակցության վրեժ է անվանել:

Radio Gdańsk-ը գրում է, որ հարձակվողը Ադամովիչին դանակով հարվածելուց հետո դեռ 40 վայրկյան ձեռքերը վեր պահած քայլել է բեմով: Այնուհետ խոսափողով ներկայացել է:

«Ես նստած էի բանտում, չնայած անմեղ էի: «Քաղաքացիական հարթակը» խոշտանգում էր ինձ: Ահա թե ինչու Ադամովիչը մահացավ», — հարձակվողի խոսքը մեջբերում է Gazeta Wyborcza-ն:

Նրան ձերբակալել են մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցները, որը պատասխանատու է համերգին անվտանգության համար, գրում է Meduza-ն:

Ավելի վաղ հանցագործին դատել էին բանկերի կողոպուտի համար: Onet-ի հաղորդմամբ՝ հարձակվողի անունը Ստեֆան Վ. Է: Նա 27 տարեկան է, ապրում է Գդանսկում: 2013-ի մայիս-հունիսին, երբ նա բանկերի կողոպուտների շարք էր իրականացրել՝ ընդհանուր առմամբ 15 հազար լեհական զլոտ գողանալով: Նրան դատապատել էին 5,5 տարվա ազատազրկման: Radio Gdańsk-ը գրում է, որ նա ազատ էր արձակվել դեկտեմբերի վերջին: Քաղաքային ոստիկանության ներկայացուցիչ Կարինա Կամինսկան հաղորդել է, որ հանցագործը համերգին հայտնվել էր մամուլի անցագրով:

ՆԳՆ ներկայացուցիչ Մարիուշ Չարկան հայտնել է, որ Ստեֆանի գործողությունները «իռռացիոնալ դրդապատճառներ» ունեին: Նրան 25 տարվա կամ ցմահ ազատազրկում է սպառնում:

Քաղաքապետը սրտի, ստոծանու եւ որովայանախոռոչի վնասվածքներ է ստացել: Վիրահատությունը տեւել է 5 ժամ, որի ընթացքում պացիենտին մոտ 20 լիտր արյուն են փոխներարկել:

53-ամյա Պավել Ադամովիչը 1998-ից Գդանսկի քաղաքապետն է: 2000-ականների սկզբին նա «Քաղաքացիական հարթակ» կուսակցության հիմնադիրների թվի մեջ էր մտել, սակայն 2015-ին եկամուտների հայտարարարգրերում կեղծ տվյալների մասին մեղադրանքներից հետո հեռացել էր կուսակցությունից: