Առարկում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը գրավով ազատ արձակվի։ Այս մասին  այսօր՝ հունվարի 14-ին, նշեց «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը՝ պատասխանելով հարցին, թե  ինչ դիրքորոշում ունեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու հետ կապված։

«Մեր նախնական դիրքորոշումն այն է, որ առարկում ենք, նիստի ընթացքում դիրքորոշումն ավելի կհստակեցվի»,– հավելեց նա։

Հրաչ Մուշեղյանը հրաժարվեց ասել, թե կալանքը երկարաձգելու ինչ նոր հիմնավորումներ են ներկայացրել դատարանում. «Չէ, կներեք, չեմ կարող ասել, քանի որ փակ դատական նիստ է, բնականաբար, գաղտնիք է»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների խոսքով՝ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի որոշումից  անցել է ավելի քան չորս ամիս եւ այդ ընթացքում որեւէ կերպ գործին խոչընդոտելու գործողություն նրա կողմից չի կատարվել։

Երկրորդ նախագահի պաշտպանները համարում են, որ որեւէ հիմք չկա Ռոբերտ Քոչարյանին այս պահին կալանքի տակ պահելու համար:

Բացի այդ ներկայացված միջնորդության հիմքում դրվել է նաեւ այն, որ ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանի ազատությունն սահմանափակվել է ապօրինի եւ գրավի կիրառումն այս պահին միակ միջոցն է որով ազգային դատարանը կարող է նվազագույնի հասցնել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը:

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: