7-րդ գումարման Ազգային ժողովն իր անդրանիկ նիստում հասցրեց ընտրել ԱԺ նախագահ, իսկ ահա ԱԺ փոխնախագահների ընտրության հարցի քննարկումը կշարունակվի վաղը:

Նշենք, որ Արարատ Միրզոյանը 131 ձայնով միաձայն ընտրվեց ԱԺ նախագահ:

ԱԺ նախագահ փոխնախագահներ առաջադրվեցին «Իմ քայլը» դաշինքից Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, իսկ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի տեղի համար առաջադրվել են երկու թեկնածուներ՝ Վահե Էնֆիաջյանը ԲՀԿ-ից եւ Մանե Թանդիլյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, քանի որ ԲՀԿ-ն ավելի մեծ խմբակցություն է:

Նշենք, որ ԱԺ անդրանիկ նստաշրջանի օրակարգում են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծումը, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները, Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը, ինչպես նաեւ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը, որով նախատեսվում է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից դարձնելով 12: