2018 թ. Արցախ է այցելել օտարերկրյա մոտ 45 ԶԼՄ-ներ ներկայացնող 127 լրագրող։ Այս մասին հունվարի 14-ին, ամփոփելով Արցախի ԱԳՆ-ի 2018թ․ գործունեությունը, հայտարարել է նախարար Մասիս Մայիլյանը։

ԱԳՆ նախարարն ասել է, որ գործարկվել է ԱԳՆ-ի հայերենով, ռուսերենով եւ անգլերենով աշխատող նոր պաշտոնական կայքը։ Լայնորեն տարածվել է Արցախի ԱԳՆ-ում ստեղծված «Արցախ․ պատմություն եւ հակամարտություն» ֆիլմը, որը նախատեսված է արտասահմանյան հանդիսատեսի համար եւ առայժմ հասանելի է երկու լեզուներով՝ ռուսերեն եւ անգլերեն։

Մասիս Մայիլյանը նշել է, որ 2018թ․ արտասահմանում Արցախի մշտական ներկայացուցիչների կողմից կազմակերպվել են ղարաբաղյան շարժման 30 ամյակին եւ Սումգայիթում հայերի ցեղասպանության 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ։ «Արցախի օրեր՝ Ֆրանսիայում» փառատոնի շրջանակներում շարունակվել են նաեւ միջոցառումները 12 ֆրանսիական քաղաքներում, որոնց հետ Արցախի քաղաքները բարեկամական հարաբերություններ են հաստատել։ Արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը հայկական սփյուռքի հետ կապերի ամրացումն է։ Աշխատանքներ են կատարվել սփյուռքի տարբեր համայնքների եւ միությունների հետ բազմակողմանի կապերի ամրապնդման համար։ Հայկական համայնքների կողմից աջակցվել է Արցախում զարգացման ծրագրերի իրականացումը։

Վերջում Մասիս Մայիլյանը ընդգծել է, որ 2019թ․ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը կշարունակի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման եւ միջազգային համագործակցության ընդլայնման եւ զարգացման, այդ թվում արտաքին տնտեսական կապերի խորացման, սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդման եւ ընդլայնման, արցախյան իրականության մասին տեղեկատվությունը միջազգային հանրությանը հասցնելու, երկրի դրական վարկանիշը ամրապնդելու, ինչպես նաեւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ կարգավորելու եւ լիարժեք եռակողմ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ հետեւողական աշխատանքը։