Այն շենքի պատի փլուզումը, որտեղ գտնվում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, հզոր կոռուպցիոն ցանցի շահագրգռվածության արդյունք է։ Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։

Նրա խոսքով՝ «Հին Երեւան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լեւոն Վարդանյանը հատուկ է աշխատանքներն այնպես անցկացրել, որպեսզի այդ շենքը վնասվի։ «Եթե շինարարական աշխատանքները գրագետ անցկացվեին, նման հետեւանքներից կհաջողվեր խուսափել։ Մենք գիտենք՝ ով է կանգնած դրա հետեւում։ Ես վստահ եմ, որ շատերն այդ մասին գիտեն»,- նշեց նա։ Տիգրան Հեքեքյանն ընդգծեց, որ շինարարական աշխատանքները սկսելուց առաջ, 2018թ․ մայիս-հունիսին Արամի 23 հասցեում գտնվող շենքն ամուր էր։

«Արամի 23-ի փլուզման օրը Լեւոն Վարդանյանը հայտարարեց, թե ինքը շինարարությունն այնպես է կազմակերպել, որ այդ շենքը փլվի։,- պարզաբանեց Տիգրան Հեքեքյանը։ Նա վստահություն հայտնեց, որ այդ գործում խառնված է ոչ միայն Լեւոն Վարդանյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին փլուզվել էր Երեւանի Արամի 23 հասցեում գտնվող մշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատը։ Նշենք, որ հենց այդ շենքում է գործում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ։ Մի քանի ամիս շարունակ նրանք ահազանգում էին շենքի ահավոր վիճակի մասին։