Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը կարող է արագացնել Իրանի հետ հակամարտությունն այն դեպքում, երբ Թրամփը, հանելով ամերիկյան զորքերը Սիրիայից, կորցնում է Մերձավոր Արեւելքում իր ազդեցության լծակները՝ հաղորդում է NYT-ը։

Բոլթոնի ցուցումով անցյալ տարի Ազգային անվատանգության խորհուրդը դիմել էր Պենտագոնին՝ խնդրելով Սպիտակ տանը Իրանին հարված հասցնելու հնարավորություն ընձեռել։

Այս հայցը, որ անհանգստացրել էր այն ժամանակվա ՊՆ ղեկավար Ջիմ Մեթիսին եւ Պենտագոնի այլ պաշտոնատար անձանց, եկավ այն բանից հետո, երբ «Իրանի կողմից աջակցվող զինյալները» Բաղդադում ԱՄՆ դեսպանության տարածքում ամայի վայրում երեք հրթիռ արձակեցին անցյալ տարվա սեպտեմբերին։

Բոլթոնի հարցմանն ի պատասխան՝ Պենտագոնն առաջարկել էր մի քանի ընդհանուր, այդ թվում՝ իրանական ռազմական օբյեկտին օդային խորհրդանշական հարված հասցնելու տարբերակ։

Նման հարվածը կարող էր զինված հակամարտության հանգեցնել, եւ Իրաքը կստիպեր ԱՄՆ-ին հեռանալ երկրից՝ հայտնել է ամերիկյան պաշտոնյաներից մեկը։

Այն պահից, ինչ Բոլթոնը ստանձնել է պաշտոնը, նա ուժեղացրել է Իրանին մեկուսացնելու եւ ճնշելու վարչակազմի քաղաքականությունը։ Որոշ հարցերում նա հասել է հաջողության, օրինակ՝ համոզել է Թրամփին դուրս գալ միջուկային համաձայնագրից

Պոմպեոն եւս հանդես է եկել Իրանին ավիահարված հասցնելու գաղափարի դեմ։ Իր մերձավորարեւելյան բոլոր հանդիպումների ժամանակ նա խոսել է Իրանին դիմակայելու, սակայն ոչ ռազմական գործողությունների մասին։

Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել ռազմական տարբերակների մասին Բոլթոնի հարցումը։

«Պաշտպանության նախարարությունը ծրագրման կազմակերպություն է եւ նախագահին ներկայացնում է տարբեր սպառնալիքների ռազմական տարբերակներ, պարբերաբար վերանայում եւ թարմացնում է բազմաթիվ սպառնալիքներին դիմակայելու ծրագրերն ու գործողությունները, այդ թվում Իրանից եկող սպառնալիքների՝ զսպելու եւ, անհրաժեշտության դեպքում, ագրեսիային արձագանքելու համար»,- նշվում է Պենտագոնի հայտարարության մեջ։

Վերջին մի քանի օրերն անհանգիստ են եղել ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի համար։ Նա մեկնել էր Թուրքիա, որպեսզի ներկայացնի Սիրիայից զորքերը հանելու պայմանների ցուցակը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել էր այդ պահանջները եւ հրաժարվել հանդիպել Բոլթոնի հետ։

Կիրակի օրը Թրամփը սատարել էր իր խորհրդականին՝ Twitter-ում հայտարարելով, որ Միացյալ Նահանգները «կոչնչացնեն Թուրքիայի տնտեսությունը, եթե նա հարված հասցնի քրդերին»։

Իրանի կառավարությունը ստիպված էր արձագանքել իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն եւ վերջինիս կողմից նոր պատժամիջոցների սահմանմանը։ Եվրոպական տերությունները Իրանին կոչ են անում չչեղարկել գործարքը՝ մտավախությամբ, որ դա ԱՄՆ-ին ռազմական նոր գործողությունների առիթ կտա։