Չինաստանի CGTN պետական ​​հեռուստաալիքը հրապարակել է Լուսնի վրա առաջին կենսաբանական փորձարկման տեսագրությունը: Չինական  «Չանիե-4» տիեզերանավի միջոցով Երկրի արբանյակի հակառակ կողմն ուղարկված բամբակի սերմերն առաջին ծիլերն են արձակել, հաղորդում է ТАСС- ը:

Համաձայն Չինաստանի Աէրոկոսմիկական գիտությունների եւ տեխնիկայի կորպորացիայի (CASC), մինի-կենսոլորտ ստեղծելու նպատակով, բամբակից բացի, այլ կենսաբանական նմուշներ եւս ուղարկվել են Լուսին, այդ թվում`կարտոֆիլի, հլածուկի, ծնկածաղկի սերմեր (լատ.՝ Arabidopsis, կաղամբի ընտանիքի ծաղկատու բույս), ինչպես նաեւ՝ խմորասնկերի եւ դրոզոֆիլների թրթուրներ:

Դեկտեմբերի 8-ին Սիչան տիեզերակայանից արձակված «Չանիե-4» լուսնային սարքը  բարեհաջող կերպով կատարել է իր պատմական փափուկ վայրէջքը՝  Լուսնի հակառակ կողմում: «Չանիե-4» նախագծի հիմնական խնդիրը, որը բաղկացած է ավտոմատ վայրէջքի մոդուլից եւ լուսնագնացից, ուսումնասիրելն է Երկրի բնական արբանյակի հակառակ կողմը: