Անցյալ տարին բնութագրվում է Չինաստանի եւ Հայաստանի հարաբերությունների դինամիկ զարգացմամբ։ Այս մասին ԶԼՄ-ների համար չինական Նոր տարվան նվիրված ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Էրլուն։

«Մեզ մոտ պահպանվում է երկխոսությունը տարբեր մակարդակներում, եւ կա միմյանց հանդեպ աճող հետաքրքրություն»,- ընդգծել է դեսպանը։ Նրա խոսքով, փոխադարձ վստահության մակարդակը շատ բարձր է, եւ չինական կողմը վստահ է համագործակցության շարունակականության մեջ։ «Համագործակցության զարգացման հսկայական հնարավորություններ են դիտարկվում «Մեկ գոտի, մեկ ուղի» ծրագրի համատեքստում։ Ոչ պակաս կարեւոր են հումանիտար կապերը, որի կապակցությամբ անհրաժեշտ է նշելԵրեւանում Կոնֆուցիի ինստիտուտի գործունեությունը»,- հայտարարել է նա։ Դեսպանն ընդգծել է, որ առեւտրատնտեսական համագործակցությունը հարաբերությունների հիմքն է։ Ընդ որում, աճը այդ ոլորտում անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում կազմել է 30 տոկոս, առեւտրաշրջանառությունը աճել է մինչեւ 700 միլիոնի։

Տյան Էրլունը նշել է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի բացման կարեւորությունը, որը հսկայական նշանակություն ունի երկու հին քաղաքակրթությունների համագործակցության համար։ Նա նաեւ հայտարարել է, որ աճում է մասնագետների փոխանակումը, եւ 9 ամիսների ընթացքում Չինաստանից Հայաստան է եկել ավելի քան 7000 զբոսաշրջիկ՝ երկու անգամ ավելի շատ, քան նախորդ տարի, աճում է նաեւ Հայաստանից Չինաստան զբոսաշրջիկների հոսքը։