Մենք հասկանում ենք, որ շատ ավելի մեծ ճնշում կա դատարանների նկատմամբ, երբ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե «Մարտի մեկի» գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող 4 նախկին պաշտոնյաներից միայն Քոչարյանն է գտնվում կալանքի տակ:

«Կալանավորում պետք է կիրառվի բացառապես այն դեպքում, եթե առկա են կալանավորման հիմքեր և պայմաններ, հավանաբար մյուս մեղադրալների մասով դատարաններն օբյեկտիվ են եղել: Մենք հասկանում ենք, որ շատ ավելի մեծ ճնշում կա դատարանների նկատմամբ, երբ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, և շատ ավելի մեծ պատվեր կա, որ Քոչարյանը գտնվի կալանքի տակ, հավանաբար դրանով է պայմանավորված, որ Քոչարյանը մինչ օրս կալանքի տակ է»:

Հարցին, թե ո՞ւմ կողմից է պատվերը, Ալումյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ներկա գործադիր իշխանության կողմից»:

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Երկրոդ նախագահը «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն մեղադրանքն է առաջադրված նաև Պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուր Խաչատուրովին: