Ռոստովի մարզի Շախտի քաղաքում մասնակի փլուզված շենքի փլատակների տակից փրկարարները հանել են հինգերորդ զոհի մարմինը, որոնողական աշխատանքներն ավարտված են, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱԻՆ մարզային վարչության ներկայացուցիչ Մարինա Աբրամչենկոն:

Ավելի վաղ փրկարարները նշել էին, որ փլուզման վայրում մնացել է զննել մեկ սենյակ: Մարզի փոխնահանգապետ Վադիմ Արտեմովը հստակեցրել էր, որ շարունակվում են 23-ամյա աղջկա որոնումները, ում ծնողների մարմինները փլատակների տակից արդեն հանել էին:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Ռոստովի մարզի Շախտի քաղաքում բազմահարկ շենքում տեղի էր ունեցել կենցաղային գազի պայթյուն, մասնակի փլուզվել էին 8-րդ եւ 9-րդ հարկերը: Վնասվել էին 16 բնակարաններ:

Փլատակների տակից հաջողվել է փրկել 7 մարդու: Շախտիում չորեքշաբթի սգո օր է հայտարարվել: 12.00-ին տեղի կունենա զոհվածների հոգեհանգիստը: