ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորման հարցում հատուկ հույսեր է կապում Ռուսաստանի հետ:

Դեսպանը Haqqin.az-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է ռուսական կողմի պահանջը Ադրբեջան ՌԴ հայազգի քաղաքացիների այցելության կարգավորման վերաբերյալ:

Դեսպանի խոսքով՝ ռուսական կողմն այս հարցը բազմիցս է բարձրացրել տարբեր մակարդակներով: Պարզաբանելով այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը՝  դեսպանը նշել է, որ այն կապված է Հայաստանի հետ կոնֆլիկտի հետ, նման արգելքն առաջին հերթին բխում է քաղաքացիների անվտանգության ապահովման նկատառումներից, եւ ընդհանուր առմամբ գոյություն ունի միջազգային պրակտիկա, երբ երկրները ինչ-ինչ անձանց մերժում են իրենց պետություն այցելությունը՝ նույնիսկ նման մերժումը չպատճառաբանելով: Ընդ որում՝ դեսպանը հավաստիացրել է, որ Ռուսաստանի հայազգի քաղաքացիները, նույնիսկ Հայաստանի քաղաքացիները մասնակցում են Ադրբեջանում անցկացվող միջազգային միջոցառումներին, մարզական մրցումներին եւ մշակութային իրադարձություններին: Քաղաքացիների անվտանգության մասին խոսելիս դեսպանը հայտարարել է, որ «Ադրբեջանի տարածքում մեկ միլիոնից ավելի փախստականներ եւ տեղահանված անձինք կան», եւ «նրանք երբեք չեն մոռանա այն դաժանությունը, տառապանք ու անմարդկային վերաբերմունքը, որոնց բախվել են»: Դեսպանը հենց սրանով է «բացատրել» իրավիճակը:

«Ռուսաստանցի գործընկերները հաճախ են ինձ հարցնում՝ ո՞րն է այս վիճակից ելքը եւ դրա համար ի՞նչ է անհրաժեշտ: Ես մշտապես պատասխանում եմ, որ հարկավոր է հակամարտությունն արագ կարգավորել արդար հիմքով եւ միջազգային իրավունքի շրջանակում, եւ այս բոլոր խնդիրներն ինքնաբերաբար կանհետանան: Ես՝ որպես մարդ, որը վերջին տարիներին 3 անգամ այցելել է Հայաստան եւ Ղարաբաղ, համոզված կարող եմ ասել, որ 2 ժողովուրդների միջեւ երկխոսությունը հնարավոր է, սակայն Ռուսաստանը պետք է ներդնի առավելագույն միջնորդական ջանքեր, որպեսզի «օկուպացիոն» քաղաքականությունը դադարեցվի»,- հայտարարել է դեսպանը:

Նշենք,որ Ադրբեջան այցելելու անզգուշություն ունեցած հայազգի անձինք իսկապես մեծապես վտանգված են: Սակայն գլխավոր սպառնալիքը բխում է ոչ թե «մեկ միլիոն փախստականներից», այլ իշխանություններից: Դրա վառ օրինակն է Ռուսաստանի հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանովի հետ տեղի ունեցածը