Պետական եկամուտների կոմիտեի 128 աշխատակից է ազատվել աշխատանքից, եւ սա միայն սկիզբն է։ Այս մասին հունվարի 16-ին՝ մամուլի ասուլիսին հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով՝ հարկային հսկողություն իրականացնող շուրջ 7 վարչությունների  580 աշխատակից ծանուցվել է կառուցվածքային բարեփոխումների եւ դրա հետ կապված հնարավոր կրճատումների մասին։

«Կենտրոնացվել է ստուգումների գործառույթը, որի արդյունքում կատարվել է աշխատակազմի օպտիմիզացիա», - նշեց Անանյանը։

Նրա փոխանցմամբ՝ ամեն աշխատակցի վերաբերյալ կայացվել է առանձին կոլեգիալ որոշում։ Ընդ որում, 2 ամսվա ընթացքում գնահատվել է 580 աշխատակիցներից յուրաքանչյուրի կարողությունները։

«Ցավոք, ստիպված էինք ընտրել լավի եւ լավագույնի միջեւ։ Գործառույթների վերակազմակերպման եւ կառուցվածքային փոփոխությունների տրամաբանության շրջանակներում մենք ստիպված այդպիսի որոշում ենք կայացրել»,–հավելեց ՊԵԿ նախագահը։

Ավելի վաղ NEWS.am-ը իր տեղեկություններով հայտնել էր, որ ՊԵԿ–ում զանգվածային կրճատումներ են սկսվել։  Նախորդ շաբաթվա վերջին ՊԵԿ–ի 130 աշխատակից է ազատվել աշխատանքից։

Նրանց ուղարկելեն  աշխատանքից ազատման հրամանները եւ վերջնահաշվարկները։

Նշենք, որ աշխատանքից ազատվածները հիմնականում ՊԵԿ տեսուչներ են։

ՊԵԿ–ի 130 աշխատակից ազատվել է աշխատանքից