Քառորդ դար առաջ Հայաստանում հայտնվեցին  առաջին սեփականաշնորհման վկայականները՝  «վաուչերները»: Գաղափարը լավ նպատակ էր հետապնդում` յուրաքանչյուր քաղաքացուն պետական սեփականությունում իր բաժինը տրամադրել, որից կարելի է ընտանեկան բյուջեի համար լրացուցիչ եկամուտ ստանալ ` դիվիդենդներ:

Ճիշտ է, օբյեկտների սեփականաշնորհման համար ընտրվել էր շատ անբարենպաստ ժամանակ: Երկրում համընդհանուր գործազրկություն էր, երկրի բնակչության մեծամասնության եկամուտը գրեթե զրոյի էր հասել: Կորցնելով պայծառ ապագայի հանդեպ հավատը՝ շատերը վաճառեցին իրենց վաուչերները, որպեսզի գոնե մեկ շաբաթով կարողանային բարելավել ընտանեկան բյուջեն:

Բնականաբար, նախաձեռնող քաղաքացիներ գտնվեցին, որոնք օգտվեցին «օտար» վաուչերները ձեռք բերելու յուրահատուկ հնարավորությունից: Բնականաբար ոչ հավաքելու համար, այլ որպես անձնական սեփականության խոստումնալից օբյեկտներ ձեռք բերելու նպատակով: Այսպիսով, «սեփականաշնորհումն» այնպիսի ավարտ ունեցավ, ինչպես եւ նման պայմաններում սպասելի էր:

Բայց սկզբում սեփականաշնորհման «հայրերը» ապագա բաժնետերերին բառացի ոսկե սարեր էին խոստանում: Նրանց հավատալով՝ քաղաքացիների մի մասը իրենց վաուչերներով մեկ-երկու բաժնետոմսեր ձեռք բերեցին (երբեմն՝ միանգամից մի քանի ընկերությունների), եւ մինչեւ հիմա դրանք պահպանել են: Բացի այդ, հարյուրավոր պետական ձեռնարկություններ հիմնական հիմնադրամների արժեքի 20 տոկոսը անհատույց բաշխվել էր աշխատակազմերի միջեւ: Այսպես ասած «ժողովրդական կապիտալիզմ» էր ներդրվում, որն, ի դեպ, շուտով ձախողվեց:

Ինչ-որ մեկն իր բաժնետոմսերը վաճառելու գայթակղությանը տրվեց (իսկ դրանք, որպես կանոն, գնում էին այդ ձեռնարկությունների նախկին ղեկավարները կամ այլ ձեռներեց անձինք), եւ դրանք պահպանեց ապագա դիվիդենդների հույսով: Խոսքը սովորական բաժնետերերի մասին է, որոնք չեն հավակնում օբյեկտի միանձնյա տիրապետմանը: Սակայն հետագայում նրանցից շատերի համար լուրջ խնդիր  առաջացավ:

«Սեփականաշնորհման» ընթացքում որեւէ ձեռնարկության բաժնետոմսերի (եւ երբեմն բոլոր բաժնետոմսերը) հիմնական փաթեթը կենտրոնացած էր մեկ անձի ձեռքում, որն էլ առաջ էր տանում իր անձնական առեւտրային շահերն   ՝ ի վնաս մյուս  բաժնետերերի:

Նրա կամքով, բաժնետիրական ընկերությունը (ԲԸ) մեկ փոխում էր  անունը, մեկ միաձուլվում էր մյուսի հետ եւ, ի վերջո, իրեն սնանկ էր հայտարարում եւ լուծարվում: Իսկ հետո նորից այլ անունով էր ձեւավորվում:

Ընդ որում այս բոլոր մետամորֆոզները իրականացվում էին առանց շարքային բաժնետերերի գիտության: Վերջիններս, փորձելով հասկանալ, թե ինչու չեն ստանում երկար սպասված դիվիդենդները, պատասխան էին ստանում, որ «իրենց» բաժնետիրական ընկերությունը վաղուց արդեն չկա, լուծարվել է: Համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու նրանց խնդրանքը ընկերության ներկայիս ղեկավարությունը խստորեն մերժում էր:

Այսպիսով, այստեղ կոպտորեն խախտվել են «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի մի շարք հիմնական դրույթներ: Նախ, համաձայն դրա, բաժնետիրական ընկերության բարձրագույն մարմինը բաժնետերերի ժողովն է: Եվ կարեւոր որոշումներ կայացնելու համար (ներառյալ բաժնետիրական ընկերության վերակազմավորումը, միաձուլումը կամ լուծարումը), պարտադիր կարգով գումարվում են բաժնետերերի արտահերթ ժողովներ:

Երկրորդ, բաժնետիրական ընկերության լուծարման դեպքում, պարտատերերին պարտավորությունները մարելուց հետո, կազմակերպության մնացած գույքը պետք է բաշխվի բաժնետերերի միջեւ: Երրորդ, բաժնետերերն իրավունք ունեն ծանոթանալու բաժնետիրական ընկերության գործունեությանը եւ լուծարմանը վերաբերող բոլոր փաստաթղթերին: Սակայն, գործնականում, դրանցից ոչ մեկը չի արվել:
Ինչու՞ օրինազանցներն օրենքով չեն պատժվել: Որովհետեւ պետական մարմինները, որոնք պետք է վերահսկեն եւ կարգավորեն այդ խնդիրները, չեն կատարում իրենց գործառույթները:

Բացի բաժնետերերի իրավունքների խախտումից, կա նաեւ այս խնդրի մեկ այլ կողմ: Եթե երկրում արդեն օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակ է դրվում, ուրեմն ներդրողները պետք է վստահ լինեն օրենքի գերակայության մեջ: Միեւնույն ժամանակ, նման անօրինակ պատմությունները կարող են նրանց մոտ լրիվ հակառակ կարծիք ստեղծել:
Իսկ ձախորդ բաժնետերերին մնում է միայն խորհուրդ տալ սեփական ուժերով արդարության հասնել, քանի որ համապատասխան պետական մարմինները չեն գործում: Ամենաճիշտ որոշումը այն կլինի, որ ստեղծվի բաժնետերերի իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն: Հաշվի առնելով օրենքի վերոհիշյալ խախտումների ծավալը՝ նման կազմակերպությանը զանգվածային աջակցություն կտրամադրվի:


Սմբատ Գրիգորյան