Բոլորը, ներառյալ սեռական փոքրամասնությունները, իրավունքներ ունեն, եւ եթե նրանք դիմեն համապատասխան հանձնաժողովին, ապա մենք կքննարկենք ցանկացած հարց։

Այս մասին հունվարի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Մարդու իրավունքների եւ հասարակական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքից Լուսինե Բադալյանի այն հարցին, թե ուշադրություն կդարձնի նա արդյոք սեռական փոքրամասնությունների խնդիրներին, եթե ընտրվի նախագահ։ Բադալյանի խոսքով, որքան էլ որոշ մարդկանց դա դուր չգա, սեռական փոքրամասնությունները եւս ապրում են Հայաստանում, ու նրանց նույնպես անհրաժեշտ է օգտվել հավասար իրավունքներից։ Զոհրաբյանը կրկին նշեց, որ Հայաստանում յուրաքանչյուրը պաշտպանության իրավունք ունի։