Երբ ես խոսում էի քրեակատարողական հիմնարկների վարչական ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունները դուրսբերման մասին, ես նկատի ունեի ոչ թե հիվանդանոցները, որտեղ կալանավորները բուժվում են, այլ այդ հաստատությունների տարածքում գործող  բուժկետերը: Այս մասին հունվարի 17-ին Ազգային Ժողովի նիստում հայտարարեց Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով  «Իմ Քայլը» դաշինքից պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին՝ թե ինչ է ինքը նկատի ունեցել, երբ հայտարարել է, որ բուժհաստատությունները պետք է դուրս բերվեն քրեակատարողական հիմնարկների ներքո ենթակայությունից: Միքայելյանը նաեւ հետաքրքրվեց, թե ում պատասխանատվության տակ պետք է անցնեն կառույցները:

Նրա խոսքերով, կան երեք եվրոպական մոդելներ. Այդ բուժսենյակները ենթարկվում են կա՛մ Առողջապահության նախարարությանը, կա՛մ Արդարադատության նախարարությանը, կա՛մ դառնում են առանձին կառույց, եւ այդ բոլոր տարբերակները քննարկվում են միջազգային գործընկերների հետ: