Նախորդ տարեվերջին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ մտադիր է վերաբացել սպորտային վաշտերը, սակայն հարցն այն է, թե ինչպես եւ ինչ պայմաններում: Այս մասին հունվարի 17-ին Ազգային ժողովի նիստում, Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական ​​հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցով քննարկմանը հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը՝ դիմելով այդ պաշտոնում  առաջադրված թեկնածու, իր կուսակից  Անդրանիկ Քոչարյանին:

Ի պատասխան, Քոչարյանը հայտարարեց, որ տարիներ շարունակ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նա ոչ միայն զբաղվել է կադրային քաղաքականությամբ, այլ նաեւ կառուցվածքային փոփոխությունների հարցերով:

«Այն ժամանակ ես ընդգծեցի սպորտային վաշտեր ունենալու անհրաժեշտությունը,  եւ հիմա նույն տեսակետին եմ: Պարզապես դրանց  ծառայողական կարգապահությունը եւ սպորտային գործունեությունը պետք է ճիշտ ձեւով սահմանվեն: Ամեն ինչ պետք է հիմնված լինի այն բանի վրա, որ յուրաքանչյուր ոք պետք է ծառայի բանակում՝ լինի դա աշխարհի չեմպիոն, թե օլիմպիական չեմպիոն», -պարզաբանեց Քոչարյանը` հավելելով, որ սպորտային վաշտերի առկայությունը միայն կավելացնի բանակի հեղինակությունը: