Ներկայումս ես ԼՂՀ հետ փոխադարձ ռազմական օգնության մասին պայմանագրի անհրաժեշտություն չեմ տեսնում: Հունվարի 17-ին Պաշտպանության եւ անվտանգության հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի քննարկման ժամանակ ասաց այդ պաշտոնի համար «Իմ քայլը» դաշինքից թեկնածու Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ԼՂՀ անվտանգության երաշխավորը լինի:

«Դրանով ամեն ինչ ասված է եւ մենք հաջողության ենք հասել միայն նման հարաբերություևնների շնորհիվ: Մենք խնդիր չենք ունեցել եւ այժմ ես չեմ ցանկանում միջազգային մակարդակում  խնդիր ստեղծել, որովհետեւ մենք կարող ենք մեր ներքին խնդիրները լուծել, եթե սադրիչները ավելի քիչ սադրանքներ գործադրեն», - ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի պայմաններում նման համաձայնագրի ստեղծման հանձնարարական էր տվել այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն նախկին իշխանությունների ժամանակ էլ հարցը տեղից չէր շարժվել: