2020 թվականին ավտոմեքենաների մաքսազերծման գները 10-20 անգամ ավելանալու են, ԵՏՄ տարածքում թանկ են լինելու մաքսային գները, որպեսզի բոլորս գնենք ռուսական արտադրության մեքենաներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, կառավարության դիմաց ավտոներկրողների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Հիմա ոնց է լինելու մեր ապագան, մենք դուրս ենք մղվելու շուկայից: Մենք հիմա էլ խնդիրներ ունենք, նաեւ 2020 թվականի համար ենք բողոք ներկայացնում: Մի հատ էլ նոյեմբերին հավաքվե՞նք: Այս ամբողջ աժիոտաժը կազմակերպել է ՊԵԿ-ի նախագահը պարոն Փաշինյանի դեմ: Բա ինչի՞ էդ նամակները ընտրություններից առաջ ուղարկեց: Մենք ուզում ենք պարոն Փաշինյանին ասենք՝ մի հատ գնացեք ստուգեք, թե ով է այս ՊԵԿ նախագահը: Կարող է ռազվեդչիկ է: Էս ի՞նչ է անում եմր գլխին: նամակները ուղարկում են մեզ ընտրություններից առաջ, հետո մաքսային գներ են փոխում, որ մեզ հրահրեն, գները տատանվի, սա դավադրություն չի՞, սա Նիկոլ Փաշինյանի դեմ դավադրություն չի՞»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք ուզում են հանդիպել վարչապետի հետ, ներկայացնել իրավիճակը, լինի նաեւ ոստիկանապետը, նաեւ ՊԵկ նախագահը: