Հայաստանը ներկայումս կարող է ԵՄ շուկա արտահանել 1000 անուն ապրանք: Հունվարի 17-ին ԱԺ նիստում Տարածաշրջանային հարցերով եւ եվրասիական ինտեգրացիայի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածության քննարկման ժամանակ այս մասին ասաց այս պաշտոնի հավակնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով իր կուսակից Արման Աբովյանի հարցին, որը հետաքրքրվեց ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ կապերի հաստատման համար որպես «կամուրջ» ծառայելու երկրի ներուժի օգտագործման հնարավորության մասին:

Նրա խոսքով՝ Հայաստանի թեթեւ արդյունաբերության բոլոր տեսակները նույնպես ներկայացված են GSP ծրագրի շրջանակում: Նա նշեց, որ այս շուկայում Ռուսաստանի հիմնական գործընկերը նույնպես ԵՄ-ն է, որը 500-միլիոնանոց շուկա ունի: «Անհրաժեշտ է ելնել արդեն գոյություն ունեցող իրողություններից եւ չմոռանալ, որ մենք արդեն Եվրասիական տնտեսական միությունում ենք, իսկ այնտեղ եթե ինչ-որ բան գործում է, ապա այլեւս չի կարելի ոչ մի բան փոխել: Մենք պետք է համակերպվենք ԵՏՄ-ի առկայությամբ: Միակ բանը, որ կարող ենք անել հայկական արտադրության որոշակի ապրանքների արտահանումն է»,- պարզաբանեց Մելքումյանը:

Ընդ որում՝ նա հիշեցրեց, որ Հայաստանը Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտի ունի, բայց դրա մասին վերջին շրջանում կարծես մոռացել են: Պատգամավորը վստահ է, որ այս ԱՏԳ գործունեությունն անհրաժեշտ է վերաիմաստավորել: