Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում երեկ երեկոյան քննարկվել է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։

Դատարանը՝ նախագահությամբ Վարդան Լևոնի Գրիգորյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Հարությունյանի պաշտպան Հունան Տեր–Վարդանյանը NEWS.am–ին հայտնեց, որ պաշտպանական կողմը Հարությունյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու կամ այլ խափանման միջոց կիրառելու միջնորդություն չի ներկայացրել դատարան։  Նա նշեց, որ ՀՔԾ–ի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 13։00–ին։

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: