Ղրղզստանի, Ղազախստանի եւ Տաջիկստանի դիվանագետները ժամանել են Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ մի շարք փակ ճեպազրույցներ են անցկացվում Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի ճակատագրի վերաբերյալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ ԱԳՆ շենք մտնող նշված երկրների դիվանագետները հրաժարվել են առաջիկա ճեպազրույցի վերաբերյալ մեկնաբանություն տալ:

ՏԱՍՍ-ը նշում է, որ ավելի վաղ իրենց դիվանագետների մասնակցությունը հաստատել էին նաեւ Հայաստանի ու Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչություններում:

Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է հունվարի 18-ին փակ ճեպազրույց անցկացնել ՄՓՀՀՊ ճակատագրի եւ 9М729 հրթիռի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

Իրենց ներկայացուցիչների մասնակցության մասին հայտնել էին ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը, Շվեդիան, Ֆրանսիան: Հրավերք էր ստացել նաեւ ԱՄՆ-ն:

Վերջին տարիներին Մոսկվան եւ Վաշինգթոնը պարբերաբար միմյանց մեղադրում են պայմանագրի խախտման մեջ: Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ պայմանագրով  ստանձնած իր պարտավորություններին խստորեն հետեւում է: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Մոսկվան ԱՄՆ-ին բավականին լուրջ հարցեր ունի իրենց՝ ամերիկացիների կողմից պայմանագրի կատարման կապակցությամբ: Նրա խոսքով՝ ԱՄՆ մեղադրանքները Մոսկվայի կողմից ՄՓՀՀՊ-ն խախտելու մասին մերկապարանոց են, 9М729 հրթիռը փորձարկվել է պայմանագրով թույլատրված հեռահարությամբ: