Բժշկական խնդիրն ապահովելու մեջ եւ քննիչների, իբր, անփույթ աշխատելու մեջ պատճառական ու տրամաբանական կապը այստեղ չկա: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ամվել Մայրապետյանի գործող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշմանը:

Նշենք, որ ՄԻԵԴ-ը ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ:

Նիկոլայ Բաղդասարյանն այս առնչությամբ նշեց. «Երբ մենք որեւէ հայցով դիմում ենք դատարան, մենք իրավունք ունեք ներկայացնել  հայցի ապահովման միջոց: Որպես կանոն, 99 տոկոսով դատարաններն ապահովում են հայցի ապահովման միջոցը: Այսինքն եթե դուք դիմեք դատարան իմ դեմ գումարի բռնագանձման համար, անգամ ակնհայտ անհիմն հայցով, սակայն ասեք, որ վտանգ կա, որ Նիկոլայ Բաղդասարյանը կարող է չապահովել այդ գումարի վերադարձը եւ խնդրեք հայցի ապահովման միջոց դնել արգելանք իմ բնակարանի վրա, դատարանը դա կբավարարի: Այդտեղ ոչ մի վտանգավոր բան չկա:

Այսինքն ես կարող եմ նախաձեռնել որոշակի գործողություններ, ասել դատարանին, որ ես դրա արդյունքում կրում եմ վնաս եւ ձեր գումարներից արդեն պահեն գումարներ իմ վնասը ապահովելու համար»:

«Եվրոպական դատարանը եւս խնդիրը բարձրացրել է, որ անձը կարիք ունի բուժման, դիմել են միջանկյալ որոշում ստանալու համար խնդրանքով, եւ Եվրոպական դատարանը, որի որոշմանը շատ ծանոթ չեմ, հաավանաբար ասել է՝ ապահովեք մարդու բուժման հնարավորությունը, ինչը, կարծում եմ՝ մեր պետությունը անպայման կանի, որովհետեւ դա մարդու սահմանադրական իրրավունքն է:

Հետեւաբար, այստեղ բժշկական խնդիրն ապահովելու մեջ եւ քննիչների, իբր, անփույթ աշխատելու մեջ պատճառական ու տրամաբանական կապը այստեղ չկա»,-ասաց նա:

Հարցին, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ սա այս իշխանության առաջին ձախողումն էր ՄԻԵԴ-ում, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Նորից եմ ասում, եթե դատարանը ձեր հայցով արգելանք դնի իմ բնակարանի վրա, դրանից հետո դուք չեք ասի չէ՞, որ տեսեք, Նիկոլայ Բաղդասարյանը պարտվեց, դա իր թերացումն է: Հայցի ապահովման միջոց կիրառելը եթե հասկանաք, կհասկանաք, որ այստեղ թերացման մասին խոսք լինել չի կարող: Եթե խոսքը վերաբերում է խոշտանգումներին, առողջությանը, դատարանն այդ որոշումը կայացնում է: Դա բոլորովին չի նշանակում, որ պետությունն այդ պոզիտիվ պարտականությունը չի կատարում: Եվրոպական դատարանն ասում է՝ ապահովեք բժշկական օգնություն»:

Դիտարկմանը, որ այսինքն նշանակում է՝ մենք թերացել ենք, որ ՄԻԵԴ-ը նման բան է ասում, պատգամավորը չհամաձայնեց. «Պարտադիր չէ: Հայաստանում կա բժշկական հաստատություն: Մայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է գրավ, ինքը պետք է ընդամենը հասնի հիվանդանոց եւ դիմի բուժման համար: Հիմա պետությունն այդտեղ ի՞նչ պետք է անի, որ Մայրապետյանը նստի տրանսպորտային միջոց կամ ոտքով հասնի հիվանդանոց: Ես այնքան էլ համաձայն չեմ, որ Հայաստանում բժշկությունն այն վիճակի մեջ է, որ չեն կարող ապահովել իրեն բժշկական օգնությունը, որ պետք է գնա Գերմանիա բուժվելու:

Ճիշտ է, ես չգիտեմ՝ ինչ հիվանդությամբ է ինքը տառապում, բայց ես ավելի լավ կարծիքի եմ մեր բժշկական սպասարկման, Հայաստանի բժիշկների գիտելիքների մասին: Հետեւաբար ասել, որ մեզ մոտ բժշկական սպասարկումը վատ է կազմակերպված, դրանով պայմանավորված է մեր իշխանության ձախողումը... ասեմ, որ այդ բժիշկները եղել են եւ 1 տարի առաջ, եւ 5 տարի առաջ, հնարավոր չէ 8 ամսվա մեջ կրթել այնպիսի բժիշկներ, որ ձեր ասած բարձր որակի ծառայությունը մատոցեն: Չեմ կարծում, որ դա մեր պետության, մեր կառավարության ձախողումն է»:

Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր քաղաքացի, որ գոնե մեկ անգամ առնչություն է ունեցել դատարանի հետ, կհասկանա, որ դրա մեջ որեւէ կանխորոշիչ բան չկա:

Բաղդասարյանն ասաց, որ եթե որոշումները վերաբերում են նախորդ իշխանությունների կողմից ընդունված օրենքներին, սխալ կլինի ասել, որ դա նոր իշխանությունների մեղքն է:

«Եթե որոշումները կլինեն այն պատճառով, որ մեր պետությունում մեր կողմից կընդունվեն օրենքներ, որի արդյունքում կխախտվի մարդու իրավունքները, կասեմ՝ մեր մեղքն է: Եթե արդարադատության նախարարությունը համապատասխան միջամտություն չի անի, այսինքն՝ չի գնա դեպի հաշտություն, ուղղելու և գնա հին տարբերակով, որ ամեն ինչի դեմ պետք է պայքարել, կասեմ՝ դա մեր մեղքն է: Սամվել Մայրապետյանի գործով այդ օրենքն ընդունվել է նախորդ իշխանության օրոք, կարող եմ կառավարության որոշումը հանել ու ցույց տալ, թե ով է տակը ստորագրել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Ըստ նրա՝ Արփինե Հովհաննիսյանի կամ Դավիթ Հարությունյանի նախարարության օրոք է եղել այդ որոշման ընդունումը, բայց հիմա ասում են, որ իրենք չեն մեղավոր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ բժիշկ մասնագետների Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, մասնավորապես տրանսլյումինալ դրենավորման մեթոդի բացակայության պատճառով, ՄԻԵԴ որոշումից բխում է, որ Սամվել Մայրապետյանին պետք է թույլ տալ մեկնել Գերմանիա՝ այն հիվանդանոց, որտեղ նախկինում բուժվել է: Դատարանը նաև Մայրապետյանի գործին առաջնահերթություն տալու որոշում է կայացրել՝ 41-րդ կանոնի համաձայն, հրահանգելով դիմումատուի փաստաբաններին մի քանի օրվա ընթացքում ուղարկել ամբողջական գանգատը՝ այդ թվում ֆաքսով: ՄԻԵԴ-ը նաև զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ որոշման չկատարումը հանգեցնում է ՀՀ-ի կողմից Մարդու Իրավունքների Կոնվենցիայի խախտման»,– ասվում է հայտարարությունում։

ՄԻԵԴ-ը հօգուտ Մայրապետյանի որոշում է կայացրել