Զիմբաբվեի իշխանությունները կրկին որոշել են «ամբողջովին անջատել համացանցը»՝ վառելիքի գների կտրուկ աճի դեմ բողոքի ակցիաների ֆոնին:

AP- ի տվյալներով, վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին՝ երկրի ամենախոշոր հեռահաղորդակցական ընկերություն Econet-ը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ կառավարության որոշումը «մեր ողջամիտ հսկողությունից դուրս է»:

Ուրբաթ օրը դատարանի առաջ էր կանգնել հայտնի բողոքական հովիվ  եւ ակտիվիստ Էվան Մավարիրը, որին 20 տարվա ազատազրկում է սպառնում՝ պառակտիչ գործունեություն ծավալելու մեղադրանքով: Նա այս շաբաթվա ընթացքում ավելի քան 600 ձերբակալվածներից մեկն է: Մավարիրը նշում է, որ իրավիճակը «հոգեսպան է», քանի որ նախագահ Էմերսոն Մնանգագվայի նոր կառավարությունը գործում  է նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի կառավարության նման:

Մավարիրը մեղադրվում է ինտերնետում քաղաքացիական անհնազանդություն հրահրելու մեջ:

«Մեր երկիրը իր պատմության մեջ ամենադժվար փուլերից մեկն է ապրում», - ասված է Զիմբաբվեի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի հայտարարության մեջ, որտեղ դատապարտվում է «կառավարության անհանդուրժողական վերաբերմունքն այլախոհության հանդեպ» եւ տնտեսական կոլապսը կասեցնելու նրա անկարողությունը։

Զիմբաբվեի անվտանգության ուժերի կողմից զսպվածության դրսեւորման միջազգային կոչերը մեծանում են՝ այն դեպքում, երբ Մնանգագվան պատրաստվում է լրացուցիչ ներդրումներ պահանջել Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին: Նա հայտարարել է վառելիքի գների բարձրացման մասին՝ արտերկիր իր ուղեւորության նախօրեին՝ թողնելով նախկին զինվորական հրամանատար եւ փոխնախագահ Կոնստանտին Չիվենգուին որպես նախագահի պաշտոնակատար: