Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Բնապահպանության նախկին նախարար, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը Հայաստանում է։ Այս մասին այսօր՝ հունվարի 18–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպաններից Կարեն Հակոբյանը։

Նա հաստատեց այն տեղեկությունը, որ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են Հարությունյանին լքել Հանրապետությունը։

«Նման խնդիր եղել է, պարոն Հարությունյանը օրինական կարգով իր կնոջ բուժման նպատակով ցանկացել է մեկնել երկրից, սակայն ապօրինաբար, ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ առանց որեւէ իրավական հիմքի սահմանային անցակետերում արգելվել է վերջինիս ելքը Հանրապետությունից»,–ասաց փաստաբանը՝ նշելով, որ իր պաշտպանյալին պարզաբանել են, թե իբր  վարույթն իրականացնող մարմնի կողմից է արգելք սահմանված եղել։

Նա նշեց, որ համապատասխան որոշման առակայության դեպքում օրենքով կարող է սահմանափակվել միայն կասկածայալի եւ մեղադրյալի ելքը։

Պաշտպանի պնդմամբ՝ այդ ընթացքում Հարությունյանը գործով վկայի կարգավիճակ է ունեցել:

Նշենք, որ Հակոբյանն այս կապակցությամբ հաղորդում են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։

«Եթե վարույթն իրականացնող մարմինն է արգելե նրա ելքը, ապա այդ հարցով պետք է զբաղվեն այլ իրավասու մարմիններ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 18–ին  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարեկ է ՀՔԾ–ի միջնորդությունը եւ կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: