Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանի  կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություննեը չեն կարող բացասաբար չանդրադառնալ Արամ Հարությունյանի գործի վրա։  Նշենք որ 2018թ. հոկտեմբերի 24–ին դեռևս չլուծարված ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը,  խոսելով պատգամավորներից մեկին առնչվող քրեական գործի մասին,  հայտարարել էր, որ դա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է.

«Տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է»,–ասել էր Փաշինյանը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ խոսքը ՀՀԿ–ական պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է։

Արամ Հարությունյանին կալանավորելու դատարանի որոշումից հետո NEWS.am–ը Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանից հետաքրքրվեց, թե Նիկոլ Փաշինյանի այդ ձևակերպումը  հնարավո՞ր է այս գործի վերաբերյալ արդեն իսկ կանխակալ վերաբերմունք  է ձևավորել։

«Կանխակալ վերաբերմունքը չտեսնել  հնարավոր չէ, բնականաբար քննությունը պետք է կատարվի եւ ամեն ինչ պարզաբանվի։ Ես չեմ ուզում քննությանը պիտակավորեմ, բայց անկախ ամեն ինչից նման բարձրաստիճան պաշտոնատար անձի հայտարարությունները չեմ կարծում, որ բացասական իմաստով ազդեցություն չունենան քննության ընթացքի վրա»,–ասաց նա։

 Հարցին, թե այդ հայտարարությունը հնարավո՞ր է կապ ունի դատարանի այսօրվա որոշման հետ, Հակոբյանն ասաց.

«Դա հնարավոր չէ իրարից անջատ ուսումնասիրել, դիտարկել. բնականաբար ամեն ինչ իրար հետ կապված է»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 18–ին  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարեկ է ՀՔԾ–ի միջնորդությունը եւ կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում։

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: