Դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում գրանցվել են մի զույգ եղտյուրիկներ, որոնք մնացել են ձմեռելու: Այս մասին NEWS.am-ին հայտնել է կենսաբանական գիտությունների թեկնածու, «Կայուն էկոհամակարգերի ուղղությամբ TSE» ՀԿ-ի գործադիր տնօրենը Կարեն Աղաբաբյանը։

Կարեն Աղաբաբյանի ասելով, առաջին անգամ հանրապետությունում թեւաբտիկային եղտյուրիկ  գրանցվել է 1995-ի նոյեմբերին: Այն հարավային տեսակ է եւ ապրում է հիմնականում Արեւելյան միջերկրածովյան ավազանում՝ Սահարայի եւ Արեւմտյան Աֆրիկայի տարածքներից մինչեւ Արաբական թերակղզի:

Հաջորդ 17-18 տարիներին թեւաբտիկային եղտյուրիկներ Հայաստանում չեն գրանցվել, ապա մոտ 1-2 տարի անց սկսեցին թռչնաբանների աչքովն  ընկնել։ «2018 թվականից, Արմաշի լիճ յուրաքանչյուր այցի ժամանակ մենք սկսեցինք նկատել չիբիսների նույն զույգին: Շատ մեծ հավանականությամբ, կարելի է խոսել զույգի բնավորման մասին», - նկատել է Կարեն Աղաբաբյանը` հավելելով, որ Հայաստանում ձմեռելու են մնացել միայն կտցարների մի քանի տեսակներ՝ սեւ, սովորական չիբիսներ եւ մորակտցարներ․ ի դեպ, վերջինս այստեղ չի բնավորվում, այլ միայն ձմեռում է Հայաստանում:

Թռչնագետը կապում է չիբիսների ձմեռումը գլոբալ տաքացման հետ. «Դա նաեւ խոսում է այն մասին, որ տեսակն սկսում է տեղափոխվել հյուսիս: Երիտասարդ թռչունները փնտրում են նոր վայրեր՝ բնավորման համար, եւ քանի որ հարավն արդեն զբաղված է, նրանք հետաքրքրված են ավելի հյուսիսային տարածքներով: Այն, որ չիբիսների զույգը ձմռանը մնացել է  ձմեռելու եւ, հնարավոր է, բնավորվելու, ցույց է տալիս, որ Արմաշի լճերում պայմանները նրանց համար հարմար են: Այնպես որ, մոտ ապագայում մենք կարող ենք ակնկալել, որ Հայաստանում կմեծանա  թեւաբտիկային եղտյուրիկների պոպուլյացիան», - եզրափակել է Կարեն Ազաբաբյանը: