Փետրվարի 5-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը Բրատիսլավայում մասնակցեց ԵԱՀԿ Սլովակիայի նախագահության կողմից կազմակերպված «Հակասեմիտիզմի դեմ պայքարը ԵԱՀԿ տարածաշրջանում» խորագրով համաժողովին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովին բացման ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը (Miroslav Lajcak)։ Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ մասնակից մի շարք երկրների նախարարներ եւ փոխնախարարներ, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենը, հրեական համաշխարհային եւ եվրոպական կազմակերպությունների ղեկավարներ։

Համաժողովին քննարկվեցին կրթության, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության դերը հակասեմիտիզմի դեմ պայքարում:

Նախարարի տեղակալ Ապիտոնյանն իր ելույթում բնութագրեց հրեական Ողջակիզումը, որպես հակասեմիտիզմի ծայրագույն հանցանք՝ առանձնահատուկ ընդգծելով, որ ինստիտուցիոնալացված եւ արմատականացած խտրականությունը, համապատասխան քաղաքական հանգամանքների առկայության դեպքում, կարող է հանգեցնել առանձին կրոնական, ռասայական, էթնիկ եւ ազգային խմբի հանդեպ ցեղասպանության:

Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, որ այն ժողովուրդները, որոնք ենթարկվել են խտրականության, փրկվել են ցեղասպանության սարսափից եւ գտնվել են ոչնչացման եզրին, պետք է լինեն ռասիզմի եւ խտրականության, անհանդուրժողականության եւ անպատժելիության դեմ պայքարի առաջնագծում: Այս համատեքստում շեշտվեց, որ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը Հայաստանի բարոյական պարտքն է եւ արտաքին քաղաքական գերակայությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալն անդրադառնալով հայ եւ հրեա ժողովուրդների հարաբերություններին՝ ներկայացրեց Հայաստանի կառավարության ջանքերը Հայաստանում հրեաների պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ: Նա շեշտեց, որ նացիստական օկուպացիայի ներքո գտնվող երկրների հայ համայնքի ներկայացուցիչները կարեւոր դեր են խաղացել հրեաներին զանգվածային ոչնչացման սարսափներից փրկելու գործում: Այս համատեքստում հիշատակվեց Շարլ Ազնավուրի ընտանիքը, որի ջանքերը բարձր են գնահատվել Իսրայելի իշխանությունների կողմից:

Անդրադառնալով ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ տարվող ջանքերին՝ Արտակ Ապիտոնյանը հիշատակեց 2018թ. դեկտեմբերին Հայաստանում անցկացված Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը, որը դարձել է կարեւոր հարթակ ցեղասպանության հիշատակի եւ կրթության հարցերի հասցեագրման համար:

Արտակ Ապիտոնյանը շնորհակալություն հայտնեց նաեւ ԵԱՀԿ մասնակից այն պետություններին, որոնք Միլանի նախարարական խորհրդաժողովի շրջանակներում մաս կազմեցին Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյա տարեդարձի կապակցությամբ ընդունված համատեղ հայտարարությանը: