«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող,  նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը քիչ առաջ  հետնամուտքով հեռացավ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանից։ NEWS.am -ի լրագրողը դատարանից հայտնում է,  որ ոստիկաններն ու դատական կարգադրիչներն ապահովեցին,  որպեսզի նա հեռանա հետնամուտքով։ Նշենք,  որ ոստիկանների ուղեկցությամբ դատարանից հեռացավ նաեւ  այս գործով տուժող, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը  հայտնել էր,  որ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի հարցաքննության ընթացքում գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը անհարգալից վերաբերմունք դրսեւորեց դատարանի նկատմամբ եւ դատարանը որոշեց նրա նկատմամբ սանկցիա կիրառել եւ հեռացնել դատական նիստերի դահլիճից:

Այս հանգամանքը վրդովվեցրեց դահլիճում ներկա «Սասնա ծռերի» աջակիցներին: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով որոշում կայացրեց այսուհետ դատական նիստերն անցկացնել դռնփակ կարգով՝ թույլատրելով միայն լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկա գտնվել դատավարությանը։ Հաշվի առնելով,  որ  «Սասնա ծռերի» աջակիցները հրաժարվում են լքել դատական նիստերի դահլիճը,  նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց հետաձգել այսօրվա դատական նիստը։

Նշենք, որ այսօր դատարանում ցուցմունք է տվել  ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նրա հարցաքննությունը նույնպես անցել է լարված մթնոլորտում։