Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների հիմնական պահանջը Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն էր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատական նիստին հայտարարեց գործով տուժող, նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ խմբի անդամները հայտարարում էին, որ պետք է պաշտոնանկ արվեն ոստիկանական բարձրաստիճան սպաներ, Հանրապետության նախագահը, Կառավարությունը պետք է լուծարվի և այլն, բայց հիմնական շեշտադրումը գնում էր Սեֆիլյանի ազատ արձակման կամ նրան գունդ տեղափոխելու վրա: «Սա, այսպես ասած, մեխն էր: Այդ պահանջները հնչեցվում էին սպառնալիքների միջոցով զուգորդված հայհոյանքներով»,- ասաց նա:

Հարցին, թե ովքե՞ր էին հսկում իրենց, նախկին փոխոստիկանապետը պատասխանեց, «Մեր այսպես ասած կալանապետը պարոն Կյուրեղյանն էր, ինքն էր ղեկավարում այդ ամբողջ գործընթացը, նրան մեկ-մեկ փոխարինում էր եղբայրը: «Զենքը դրված սեղանին, ուսին, մեկ-մեկ էլ ձեռքերը գրանատին էր քցում, երեւի վախեցնելու համար...: Իմ տեսադաշտում գտնվողները բոլորը զինված էին կամ ինքնաձիգերով կամ ատրճանակներով, հիմնականում ՊՊԾ գնդի եղած սպառազինությունն էր իրենց մոտ, չնայած կարծես դրսից բերված ինքնաձիգեր եւս կային: Նույնիսկ ծիծաղելի էր դառնում, յուրաքանչյուրը 4-5 ատրճանակով էր ման գալիս, ես մեկին ասացի՝ տղա ջան, երկու ձեռք ունես, ինչու ես 4 ատրճանակ պահում: Ամենավատն այն էր, որ կային նաեւ նռնակներ, չեմ հասկանում նռնակի կարեւորությունը»,- նշեց Եղիազարյանը: Նա ասաց, որ խմբի կազմակերպչական աշխատանքները ղեկավարում էր Պավել Մանուկյանը եւ Մխիթար Ավետիսյանը։ Պատասխանելով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին, Վարդան Եղիազարյանն ասաց, որ խմբի անդամների մոտ գտնվող նռնակները մարտական էին:

Նախկին փոխոստիկանապետի կարծիքով՝ իրեն եւ Օսիպյանին մեկուսացված պահելու պատճառն այն էր, որ քիչ բան տեսնեն, քիչ շփվեն: Խոսելով Վանոյանի մահվան հանգամանքների մասին, նախկին փոխոստիկանապետն ասաց, որ Օսիպյանը զանգերի միջոցով տեղեկացել էր, որ գնդում պետք է լինի նաեւ գնդապետ Արթուր Վանոյանը: «Մենք անվերջ փորձում էինք պարզել, թե որտեղ է Վանոյանը, հետո Օսիպյանը գնաց նրանց հետ եւ այլայլված, ընկճված վերադարձավ: Նա պատմեց, որ փաստորեն մեր ընկերոջ դին գտնվում է մյուս մասնաշենքում՝ հանգստյան սենյակում։ Սկսեցինք ենթադրություններ անել, թե ինչից կարող է մահացած լինել, այն, որ հրազենային վնասվածք էրն դա պարզ էր, բայց դեռեւս չգիտեինք՝ արյունահոսել մահացել է, թե՞ միանգամից է մահը վրա հասել: Չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ պետք է ժամանակին բուժօգնություն հասցվեր մեր գործընեկրոջը: Հետագայում ինձ տարել են այնտեղ, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգությունը, բայց ոչ մինչեւ հանգստյան սենյակ, որտեղ տեղի էր ունեցել դեպքը: Նախասրահում պարկուճներ էին թափված, արյան հետքեր էին: Վարուժան Ավետիսյանը առաջարկեց դեպքի վայրում քննություն իրականացնել եւ ես ասացի, որ Ավետիսյանն էլ իրավաբան է եւ քաջ գիտակցում էր, որ զավթած տարածքում քննիչը չէր կարող անկաշկանդ գալ եւ քննչական գործողություն իրականացնել: Ես հասկացա, որ դեպքի վայրում արդեն որոշակի փոփոխություններ արված էին, պարկուճների դասավորությունը, իմ դիտարկմամբ ոչ բնական ձեւով էր եւ այդտեղ քննություն իրականացնելն, իհարկե, անհեթեթություն էր»:

Եղիազարյանը նշեց, որ խմբի անդամների կողմից բարբարոսական վերաբերմունք էր գույքի նկատմամբ: «Ավտոտրանսպորտային միջոցները այսպես թե այնպես խմբված էին, ես հասկացա, որ այնտեղ որոշները մեքենա վարել էին սովորում, մի խոսքով, ամբողջ տարածքը ջարդուխուրդ արած էր, նույնիսկ նրանցից մեկին հարցրի՝ ապակիները ինչո՞ւ եք ջարդում, պատասխանեցին՝ որ օդ գա: Ամբողջ գույքը թալանված, ջարդված, թափված էր, ով ինչ հասցնում էր, վերցնում էր, մի խոսքով ոստիկանությունը մեծ նյութական վնաս կրեց»,- ասաց նա։

Վարդան Եղիազարյանի հարցաքննությունն ընդհատվեց, քանի որ նիստը դռնփակ քննելու որոշումից հետո դահլիճում ներկա գտնվողները չէին հեռանում եւ դատարանը նման պայմաններում հետաձգեց: Վարդան Եղիազարյանի հարցաքննությունը կշարունակվի փետրվարի 13-ին: Նա նիստերի դահլիճը լքեց հետանամուտքից:

Նշենք, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո 5 ոստիկան պատանդառվեցին, այդ թվում՝ Վալերի Օսիպյանը եւ Վարդան Եղիազարյանը։ Նրանք գնդի տարածքում պահվել են 6 օր։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: