Այս համաներումը խեղկատակություն էր։ Այս մասին այսօր՝ ՊՊԾ գնդի գրավման գրոծվ հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

«Մեզ վերաբերող համաներման համապատասխան դրույթը տարածվում է նաև մինչև ՊՊԾ գնդի գործողությունը կեղծ մեղադրանքների տակ հայտնված անձանց, այդ թվում, օրինակ պարոն Գարեգին Չուքազսյանին։ Օրենքի այդ կետը երևի անգրագետներն են կազմել կամ հատուկ նպատակներ են ունեցել։ Ինչպես կարող է 2016թ. դեպքի վերաբերյալ ինչ–որ մեկի կարծիքը վերաբերվի նաև 2015թ. դեպքին, ինչի մասին է խոսքը, սա լրիվ խեղկատակություն է»,–ասաց նա։

NEWS.am-ի լրագրողը Ավետիսյանին հիշեցրեց ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ իր արած հայտարարությունը, որ իր համար ընդունելի է համաներման օրենքի նախագծի ներկայացված տարբերակը։

«Մենք ասացինք, որ մեզ համար միևնույն է՝ համաներում կլինի, թե՝ ոչ, հաշվի առնելով, որ երկրում տեղի են ունենում փոփոխություններ, և մենք չենք ուզում, որ մեր գործողություններով, հակադրվելով խանգարենք փոփոխությունների պրոցեսին, ինչպես կառավարությունը նախանշել էր՝ նկատի ունենալով, որ մեր ժողովուրդը համաձայն է այդ ուղղությամբ գնալուն, մենք որևէ խոչընդոտ չենք հարուցում, համաձայն ենք, թեկուզ ընդունելի չէ, բայց թող կատարվի, թող տեղի ունենա այդ համաներումը։ Հիմա էլ իմ կարծիքը չի փոխվել, եթե համաձսյն լինեին, որ համաներումը կիրառվեր, մենք դեմ չէինք լինի դրան, էլի նույն նկատառումներից ելնելով, բայց դա չի նշանակում, որ համաներման մեզ վերաբերող դրույթը համապատասխանում է իրավունքի սկզբունքներին»,–ասաց նա և հավելեց.

«Սրան լուծում լինելու է, և այս թատրոնը երկար չի շարունակվելու»։

Հիշեցնեք՝ ամիսներ առաջ NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր․ «Կարծում եմ բոլորը ողջամիտ կլինեն եւ կհասկանան, որ պետք է այդ ճանապարհով գնալ եւ, եթե արդարություն որոնելու ցանկություն կա, ապա դրանից հետո կարելի է արդարություն որոնել»։

Հիշեցնենք, որ համաներման մասին օրենքի նախագծով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, նրանց հանցակցած, այդ նպատակով հանցափորձ արած կամ հանցագործության նախապատրաստության մասնակից, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, որոնք չեն մեղադրվում սպանություն կատարելու համար, եւ եթե համաներման դեմ չեն առարկում պատանդառված, ֆիզիկական վնաս կրած տուժողները եւ նրանց իրավահաջորդները: