Ֆրանսիական օրենսդիրները նախաձեռնել են ընդունել օրենք ֆեյքային նորությունների տարածման եւ տեղեկատվությամբ մանիպուլացնելու դեմ պայքարի մասին։

Օրենքի մանրամասների մասին պատմել է «Առաջ, Հանրապետություն» կուսակցության պատգամավոր Բրունո Սթուդերը Ֆրանսիայի ԱԳՆ կազմակերպած  լրագրողական շրջագայության շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության  Ազգային ժողով այցելած հայաստանցի լրագրողների հետ զրույցում։

Բրունո Սթուդերը, որը նշված օրենքի համազեկուցողն ու մշակույթի եւ կրթության հարցերով հանձնաժողովի ղեկավարն է, պարզաբանել է, որ ճշմարտացի տեղեկատվության պաշտպանության եւ կեղծ լուրերի տարածմանը խանգարելու անհրաժեշտության միտքը նրան հուշել է դպրոցում որպես ուսուցիչ աշխատելը եւ աշխարհում քաղաքական տարբեր գործընթացների լուսաբանումը։ Միեւնույն ժամանակ, պատգամավորը նշել է, որ դեմ է «ֆեյք նորություններ» եզրին, քանի որ դա ամերիկյան եզր է եւ որոշակի իմաստային բեռնվածություն է կրում, որը տարբեր է ֆրանսիական իրականությունից։

«Օրենքը  ուղղված չէ լրագրողների դեմ, ընդհակառակը, այն պաշտպանում է ճշմարտացի տեղեկատվությունը եւ խոչընդոտում կեղծ լրատվության տարածմանը»,- ընդգծել է օրենսդիրը՝ հիշեցնելով, որ գոյություն ունի ազատության երկու մակարդակ՝ խոսքի ազատություն եւ ընտրության ազատություն։ Օրենքը ենթադրում է արգելք պատվիրված եւ գովազդային նյութերի համար ընտրությունների շրջանում, այդ նույն շրջանում թեկնածուի կամ քաղաքական ուժի գովազդի արգելք սոցցանցերի միջոցով։ Իհարկե, նրբությունն այն է, որ օրենքը պետք է համապատասխանի 17-ամյա վաղեմության եվրոպական օրենսդրությանը։

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ֆեյքային նորությունների հարցը նուրբ է, քանի որ ակնհայտ կեղծ լրատվության համար պատիժ ֆրանսիական օրենսդրությունը նախատեսել է դեռեւս անցյալ դարի 80-ականներին։ «Ըստ էության, խոսքը նման նորությունների դեմ պայքարի մասին չէ, այլ դրանց տարածման»,- բացատրել է օրենսդիրը։ Նրա խոսքով՝ սրանում պակաս կարեւոր չեն լրատվամիջոցների դաստիարակությունը եւ հասարակության եւ լրատվամիջոցների միջեւ վստահության դաստիարակությունը։      

Դատավորները պետք է որոշեն՝ տեղեկատվությունը կե՞ղծ է, թե՞ ոչ: Այսինքն՝ ցանկացած մարդ կարող է դատարան դիմել, եւ եթե դատավորը որոշի, որ այս կամ այն տեղեկությունը կեղծ է, նյութին հասանելիությունը (խոսքը համացանցային ռեսուրսների մասին է) կփակվի: Ընդ որում՝ որոշումը պետք է ընդունվի 48 ժամում: «Իրականում պրակտիկան ցույց է տալիս, որ հասարակության համար գրավիչ ֆեյք նորությունները, ցավոք, հաճախ լրագրողական լուրջ աշխատանքից ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Ստացվում է լրատվամիջոցների յուրատեսակ «սեւ շուկա», եւ օրենքն ուղղված է հենց այս հատվածին»,- ընդգծել է Բրունո Սթուդերը:

Այս համատեքստում նա հիշեցրել է սոցցանցերի դերը: «Սոցցանցերը փող են վաստակում: Ըստ էության, չէ՞ որ երբ Facebook-ում ձեզ նորություն է փոխանցվում, դուք չեք ընտրում, թե ինչ կարդալ, այլ Facebook-ը»,- համոզված է օրենսդիրը: Նրա խոսքով՝ զուգընթաց պետք է մեծանա արտասահմանյան միջամտության վերահսկումը:

Պարզվել է, որ ֆրանսիացի լրագրողները սկզբում նախաձեռնությամբ հիացած չէին, սակայն վերաբերմունքն աստիճանաբար սկսել է փոխվել: Օրենքի հեղինակներն ու զեկուցողներն առայժմ խուսափել են օրենքի օգտին միանշանակ դատողություններ անելուց, սակայն հույս են հայտնել, որ այն արդեն կկիրառվի Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում: