Ադրբեջանը պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղ այցելության համար «սեւ ցուցակի» պրակտիկայից: Այդ կարծիքն է արտահայտել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի մասնաճյուղի ղեկավար Յոհան Բիրը Ֆրանսիայի ԱԳՆ-ի կազմակերպած մամլո շրջագայության շրջանակներում Հայաստանից ժամանակ լրագրողների հետ զրույցում:

Պատասխանելով «սեւ ցուցակի» եւ ռուսական բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին հարցին՝ միջազգային կազմակերպության ներկայացուցիչը համաձայնել է, որ իրավիճակն աննորմալ է: «Մենք բազմիցս ելույթ ենք ունեցել դրա դեմ, կոչ ենք արել Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել «սեւ ցուցակի» պրակտիկայից: Լրագրողների կողմից հակամարտող տարածաշրջաններ այցելությունները չափազանց կարեւոր են իրադարձությունները լուսաբանելու համար»,-նշել է մասնաճյուղի ղեկավարը: Նա հիշեցրել է, որ այցելությունների համար թույլտվություն ստանալու ադրբեջանական կողմի պահանջը շատ բարդացնում է այդ գործընթացը, եւ դեռ պարզ չէ՝ լրագրողներին կթույլատրեն, թե ոչ: «Մենք բոլոր երկրներին կոչ ենք անում ըմբռնումով վերաբերվել լրագրողների աշխատանքին եւ ապահովել հակամարտության գոտիներում նրանց ներկայությունը»,- ընդգծել է Բիրը՝ հավելելով, որ այս կամ այն տարածք այցելելու արգելքը ինքնատիպ գրաքննություն է:

RSF-ի ներկայացուցիչը նշել է, որ վերջերս տեղական եւ միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվեց չեղարկել ադրբեջանական բլոգեր Մեհման Հուսեյնովի նկատմամբ լրացուցիչ մեղադրանքը: «Մենք մտադիր ենք շարունակել աշխատանքը եւ հասնել պատժամիջոցների»,- ասել է Բիրը: Նրա խոսքերով՝ Բաքուն ազատ է արձակում լրագրողներին եւ բլոգերներին բացառապես միջազգային հանրության ճնշումների ներքո: «Ադրբեջանին հաջողվել է կաշառել մի շարք միջազգային ինստիտուտներին եւ պաշտոնյաներին: Այժմ մենք ձգտում ենք հասնել պատժամիջոցների եւ 10 լրագրողների ազատ արձակման»,-նշել է Բիրը: