«Դեղին բաճկոնավորներին» Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի զիջումների հետեւանքով, որոնք կարժենան 11 մլրդ եվրո (12,5 մլրդ դոլար), երկրի պետական բյուջեն հայտնվել է «տագնապալի» վիճակում, այսպիսի եզրահանգումներ են պարունակվում Ֆրանսիայի պետական աուդիտոր Cour des Comptes-ի զեկույցում, հայտնում է Financial Times-ը:

«2019 թվականի համար պետական ֆինանսների հեռանկարները բավականին խարխուլ են»,- նշված է զեկույցում:

Աուդիտորները նախազգուշացնում են, որ իշխանություններին մանեւրելու քիչ տեղ է մնում պետական մեծ պարտքի եւ զգալի պակասուրդի պատճառով տնտեսական հնարավոր անկման դեպքում:

Դրանից բացի, կառավարության զիջումները ստիպել են վերահաշվարկել 2019 թվականին բյուջեի պակասուրդի կանխատեսումը: Կարծիք կա, որ ընթացիկ տարում բյուջեի պակասուրդը կհասնի 3,2 տոկոսի՝ ավելի վաղ կանխատեսված 2,8 տոկոսի փոխարեն: