Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում փակ հանդիպում է հրավիրվել, որին ներկա է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Օրակարգում է, մասնավորապես, աստղաբաշխական պարգեւավճարների հարցը: Հիշեցնենք, որ նույն խնդրով «Իմ քայլը» հանդիպման էր հրավիրել նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին:

Հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում Ատոմ Ջանջուղազյանն անդրադառնալով նրան, որ ինքը 5 մլն դրամից ավելի պարգեւավճար ու աշխատավարձ է ստացել, նշեց, որ այն տվյալները, որոնք պարտավոր է հրապարակել, հրապարակված են. «Կարող եք ուսումնասիրել, թե որքան գումար եմ ստացել աշխատանքի դիմաց որպես վարձատրություն: 2017 թվականից 10 տոկոսով ավելի եմ ստացել 2018-ին: Ինձ թվում է, որ 2018-ին առնվազն 10 տոկոսով իմ պատասխանատվությունն ավելացել է»:

Նա նշեց, որ Ֆինանսների նախարարությունում պարգեւավճարները ԱԺ կողմից հաստատված բյուջեի մասին օրենքով սահմանված չափից ավելի չեն եղել:

«Ամբողջ աշխատավարձի ֆոնդի 10 տոկոս + 30 տոկոսի չափով է եղել վարձատրությունը: Ինչ վերաբերում է պարգեւավճարները հանելուն, ապա ճիշտ հակառակը, 2019-ի բյուջեում բոլորի համար է նախատեսված այդ 30 տոկոսի չափով պարգեւատրումները: Սա ՊԵԿ-ի եւ Ֆինանսների նախարարության համար նշանակում է նվազում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախարարությունների աշխատակիցներից բացի, ամբողջ ամսական աշխատավարձի կամ կեսի չափով պարգեւավճարներ են ստացել մի շարք մարզպետներ եւ նրանց աշխատակիցները: Արարատի մարզպետ Գագիկ Սարգսյանը անգամ մի փոքր ավելի շատ է ինքն իրեն պարգեւավճար սահմանել: Հայաստանում մարզպետների աշխատավարձը 660 հազար դրամ է, իսկ առանց հարկերի՝ մոտ 480 հազար (մոտ 1000 դոլար): Բացի այդ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների Նոր Տարվա պարգեւավճարի ընդհանուր գումարը կազմել է 474 մլն դրամ (մոտ մեկ միլիոն դոլար):