Շատ տրամաբանական է որեւէ ծրագրի քննադատությունը եւ համոզմունք կա, որ կարծիքների բախումը բարելավմանն է ուղղված լինում որպես կանոն: Այս մասին, այսօրի՝ փետրվարի  7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին:

Դիտարկմանը, որ կառավարության ծրագրում չկան թվային չափորոշիչներ, որով հնարավոր կլինի գնահատել ծրագիրը, Ջանջուղազյանն արձագանքեց. «Տեսակետը, որ պետք է մենակ թիվ լինի կամ դրանք պետք է շատ լինեն, կամ առավելեւս, եթե այս կոնկրետ թիվը չկա, ուրեմն ծրագիրը թերի է, դա չի կարող որպես բացարձակ ճշմարտություն օգտագործվել:

Չկան ծրագրին ներկայացվող պահանջներ, հետեւաբար ամեն կառավարություն ինքն է որոշում ինչը պետք է շեշտադրվի եւ ինչ չափով: Արդյոք կարեւո՞ր է որեւէ ցուցանիշի արտացոլումը ծրագրում, թե՞ ավելի կարեւոր է քաղաքականության ուղղության հռչակումը եւ ձգտումը հնարավոր առավելագույն ցուցանիշին հասնելը, որը միգուցե կառավարության ծրագիրը ներկայացնելիս այնքան էլ միանշանակ չի, որ կանխատեսելի կամ հաշվարկելի է»,-ասաց Ջանջուղազյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ թվերի բացակայությունը հետագայում  պատասխանատվությունից խուսափելու փորձ է, ֆինանսների նախարարն ասաց. «Որեւէ մեկի ճաշակով որեւէ թվի բացակայությամբ պայմանավորված այդպիսի գնահատական տալը առնվազն լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Պատասխանատվությունից խուսափելու մասին խոսելն այս դեպքում՝ տեղին չէ, որովհետեւ դուք տեսնում եք ոչ միայն ծրագրի ներկայացումը, այլեւ գործողությունները, որոնք արվում են»: